Ներկայումս Հայաստանի քաղաքական դաշտում կարելի է առանձնացնել առավել ազդեցիկ քաղաքական երկու ուժերի՝ Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններին, ընդ որում, դրանք իրար քիչ են զիջում։ Հունվարի 31-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի ղեկավար Գեւորգ Պողոսյանը։
Այնուհետ, նրա խոսքով, երկու հեղինակավոր ուժերի հետեւից գալիս են ՀՅԴ-ն, Հայ ազգային կոնգրեսը եւ վերջին ժամանակներս ակտիվացած Տիգրան Կարապետյանի կուսակցությունը։ Սոցիոլոգի խոսքով, ՀՅԴ-ն մշտական, 6-10 տոկոսանոց կայուն ընտրազանգված ունի:
Գեւորգ Պողոսյանը նաեւ նշեց, որ հայաստանյան քաղաքական ուժերի վարկանիշը կախված է նրանց առաջնորդներից։ «Միայն ՀՅԴ-ի եւ ՀՀԿ-ի հեղինակությունը պայմանավորված չէ նրանց առաջնորդների փաստով, քանի որ ՀՅԴ-ն առաջնորդ չունի, իսկ երկրորդն այնքան է կայացել, որ նրա վարկանիշը քիչ կախվածություն ունի իր առաջնորդից։ Նույնիսկ ՀՀԿ առաջնորդի փոփոխության դեպքում կուսակցության վարկանիշը քիչ փոփոխություններ կկրի»,-նկատեց սոցիոլոգը։
Նրա խոսքով, հայ ընտրողների համար մեկ է՝ ով կհաղթի ընտրություններում, միայն թե իրենց խնդիրները կարգավորվեն։
Հատկանշական է, որ հեղինակավոր կամ նույնիսկ երկրորդ կարգի քաղաքական ուժերի թվում չհիշատակեց «Օրինաց երկիր» կուսակցության անունը։





























