Ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը պատրաստվում է երգել ու պարել իր կողմից հրավիրվող հանրահավաքներում։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ինքը՝ Կարապետյանը։ Նա նշեց, որ չի բացառվում, որ հանրահավաքների ժամանակ երգի իր սիրած «Ծաղիկներ» երգը։ «Մենք կարող ենք ե՜ւ պարեցնել եւ երգեցնել ոմանց։ Թող չմտածեն, որ մենք մենակ պարել գիտենք, մենք պարացնել էլ գիտենք, ի գիտություն իրենց»,-հայտարարեց Կարապետյանը՝ նշելով, որ պատրաստվում է պարել եւ պարեցնել «Տրնգի» պարը։

Լրագրողի դիտարկմանը՝ թե իշխանությունները, տեսնելով, որ Մատենադարանի մոտ հոծ բազմություն է հավաքում, որոշել են իրեն  առաջադրել որպես մարդու իրավունքների պաշտպան, Կարապետիչն արձագանքեց. «Մի տարի առաջ ես երազում էի իմ կյանքն ավարտել՝ լինելով պաշտպան ժողովրդին։ Ես այդ պաշտոնը մի տարիուկես առաջ կընդունեի, ու մեծ հաճույքով։ Այսօր ես իշխանության կողմից չեն ընդունի ոչ մի բան։ Ես այսօր որեւէ բան կընդունեմ միայն ժողովրդի կողմից։ Այսօր իշխանությունը աշխարհի կեսն էլ եթե տա, ես կհամարեմ, որ դա չարն է տալիս եւ դա չեմ ընդունի, քանի որ դա համապատասխան չի լինի իմ սկզբունքներին ու հավատքին։ Ես ժողովրդին չեմ կոտրի եւ ինքս էլ չեմ կոտրվի»։  Ըստ նրա՝ համագործակցությունն իշխանությունների հետ կկոտրի ժողովրդին, մինչդեռ ժողովուրդն, իր խոսքով, պետք է լինի «հզոր եւ անկոտրում»։