ԱՄՆ-ում բնակվող ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի մահվան մասին լրատվամիջոցների տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով կազմակերպության ներկայացուցչին, որը մոտ է թուրք քարոզչին:

Անցյալ շաբաթ մի շարք թուրքական լրատվամիջոցներ հայտնել էին, որ մոտ մեկ ամիս առաջ Գյուլենը մահացել է ուռուցքային հիվանդության հետեւանքով:

«Գյուլենը ողջ է: Այդ լուրերը իրականությանը չեն համապատասխանում»,- ԱՄՆ-ից հայտարարել է «Ընդհանուր արժեքների միության» ներկայացուցիչ Ռաբինա Շիրինը, որը մոտ է Գյուլենի շարժմանը:

Նշենք, որ Թուրքիայի իշխանությունները Գյուլենին մեղադրում են 2016 թվականի հուլիսին պետական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ եւ առայժմ անհաջող փորձում են հասնել ԱՄՆ-ից Թուրքիա նրա արտահանձնմանը: