Թերթը զրուցել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանի հետ եւ խնդրել մեկնաբանել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու վերջին որոշումներից մեկը, ըստ որի` նա արգելում է Վրաստանի քաղաքացիներին ռուսերեն երգել:
«Կարծում եմ, վրացիները նման որոշման կարիք չունեին, որովհետեւ ռուսերեն երգող, միեւնույն է, իրենց երկրում չկա: Մի բան, որ ազգն առանց այդ էլ գիտակցաբար թույլ չի տալիս իրեն, արձանագրելը, դրոշակ սարքելը ցուցադրանք է: Արդեն իսկ ազգային դաստիարակությունն այնպիսին է, որ վրացին չի երգում ռուսերեն երգ, էլ ի՞նչ կարիք կա այդ երեւույթը բարձրաձայնելու:
Ասեմ, որ վրացին խորհրդային տարիներին անգամ վրացերենը գերադասում էր` դպրոցից սկսած` երգերով վերջացրած: Խորհրդային տարիներին, երբ հայկական դպրոցը տրորված էր եւ «պրեստիժնի» էր համարվում ռուսական դպրոցը, Վրաստանում ազգային դպրոցը իր բարձրության վրա էր. վրացին իր երեխային ռուսական դպրոց տալը պատվաբեր չէր համարում:
Դպրոցը, ուր ես եմ սովորել, ֆրանսիական թեքում ուներ: Լավ հիշում եմ, թե մի քիչ հետ մնացողներին կամ անկարգ պահողներին ինչով էին վախեցնում ուսուցիչները: Ասում էին` նայիր, հա, այնպես չանես, որ հայկական բաժին ուղարկենք: 10 տարի այդ եմ լսել: Ահա թե ինչքան ինքնաոչնչացման սիրահար ենք»,- արձանագրել է հուշարձանագետը:





























