Առավել արդյունավետ աշխատանքներ իրականացնելու նպատակով ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության կազմը պետք է ուժեղացվի։ Փետրվարի 1-ին լրագրողներ հետ հանդիպման ժամանակ նման համոզմունք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը։
«Առաջիկա մեկ տարվա ընթացքում Հայաստանի Ազգային ժողովում այնքան խելացի պետք է գտնվեն, որ ուժեղացնեն այդ կառույցում մեր պատվիրակությունը։ Պետք է անել ամեն բան, որպեսզի ԵԽԽՎ նախագահ Մեվլութ Չավուշօղլուն չհասնի իր նպատակին, այն է՝ ԼՂ հարցով նոր բանաձեւի ընդունմանը։ Մենք ամեն կերպ պետք է ձախողենք նրա այս նկրտումները, այսինքն՝ Ադրբեջանի համար առավել նպաստավոր բանաձեւի ընդունման փորձերը։ Իսկ սա հնարավոր է միայն հայկական ուժեղ պատվիրակություն եւ ժողովրդավար երկիր ունենալու պարագայում»,- ասաց Փոստանջյանը։
Անդրադառնալով ԵԽԽՎ-ում Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի աշխատանքների վերսկսման թեմային՝ Փոստանջյանը նկատեց, որ դա տեղի է ունեցել հայկական պատվիրակության վատ աշխատելու հետեւանքով։ «Չավուշօղլուն հնարավորինս օգտագործեց իր ազդեցությունն ու պաշտոնական դիրքը։ Մեծ հաշվով, սա Չավուշօղլուիի նախաձեռնությունն էր, որում նա հաջողեց»,- ափոսանք հայտնեց նա:
Ամփոփելով՝ «Ժառանգություն» կուսակցության պատգամավորը նկատեց, որ թեպետ չի կարող կանխորոշել ենթահանձնաժողովի աշխատանքների արդյունքները, սակայն վստահ է, որ սրանով թուրք-ադրբեջանական տանդեմը լուծում է ղարաբաղյան հարցի կարգավորումը Մինսկի խմբի ձեւաչափից հանելու եւ այլ ձեւաչափ տեղափոխելու հարցը:
Նշենք, որ ԵԽԽՎ Բյուրոն հունվարի 28-ին կայացած նիստում որոշում է կայացրել ԵԽԽՎ ենթահանձնաժողովի ստեղծման մասին: Այն ղեկավարելու է Լիբերալների եւ դեմոկրատների ալյանսի ներկայացուցիչ Խորդի Խուգլա ի Կոստան:





























