ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը գոհ է ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության աշխատանքներից: Այս մասին նա հայտարարեց փետրվարի 1-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ: «Այո, ես գոհ եմ, բայց դա չի նշանակում, որ ես շատ գոհ եմ: Միշտ ասել եմ, որ երբ շատ գոհ ես, ուրեմն ժամանակն է, որ դու հրաժարվես քո պաշտոնից, քանի որ այլեւս անելիք չես տեսնում»,-հայտարարեց Հարությունյանը եւ հավելեց, որ պատվիրակությունը միշտ էլ իր աշխատանքները բարելավելու տեղ ունի:
Հարցին, թե արդյոք արդարացվա՞ծ է պետբյուջեից պատվիրակության անդամների վրա ծախսվող գումարների չափը, Հարությունյանն արձագանքեց՝ «Իհարկե արդարացված է»: «Մենք չենք կարող խուսափել ներկայացված լինել ԵԽ-ում եւ, բնականաբար, մենք պետք է մեր կողմից մեր աշխատանքն անենք լավագույնս»,-հայտարարեց պատգամավորը: Նա նշեց, որ պատվիրակությունը ԵԽԽՎ ամեն մի նստաշրջանի ներկայանում է շատ ավելի ակտիվ, որակապես նոր աշխատանքով:
Հարությունյանը պատվիրակության բոլոր՝ թե հիմնական, թե փոխարինող կազմի անդամների աշխատանքը կարեւոր է համարում եւ չի կիսում այն տեսակետը, որ նրանց ԵԽ մեկնելը որեէ բան չի տալիս մեր պետությանը:





























