Երեւանի ավագանու «Ելք» խմբակցությունը օգոստոսի 2-ից հաշված 7-օրյա ժամկետ է ներկայացրել «Սանիթեքին»` քաղաքում տիրող հակասանիտարական վիճակը կարգավորելու համար: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

«Եթե 7 օրում դա տեղի չունենա եւ իրավիճակը չբարելավվի, ապա մենք դիմելու ենք քաղաքապետարան «Սանիթեքի» հետ պայմանագիրը լուծարելու համար եւ դրա համար պայմանագրային բոլոր կետերը կան։ Մենք առանձնացրել ենք այն դրույթները, որոնք խախտվել են  «Սանիթեքի» կողմից եւ այդ հիմքով հնարավոր է պայմանագրի լուծարում եւ նոր օպերատորի ներգրավում։ Այս ճանապարհով էլ մենք գնալու ենք»,-ասաց Խաժակյանը:

Նա նշեց, որ  «Սանիթեքի» պարզաբանումներն  իրենց չեն հետաքրքրում, քանի որ ավելի կարեւոր է քաղաքում տիրող իրավիճակը, քան նրանց պատճառաբանությունները:

Նշենք, որ վերջին օրերին քաղաքում հակասանիտարական վիճակ է ստեղծվել, քանի որ «Սանիթեք» ընկերությունը պատշաճ չի կատարում իր պարտականությունները: Ընկերությունը հայցել է քաղաքացիների ներողամտությունը եւ հավաստիացրել, որ կարճ ժամանակահատվածում իրավիճակը կկարգավորվի, սակայն խոստումը դեռ չի կատարել:

Ընկերությունը նաեւ նշել է, որ իր գործունեությունը կապված չէ Տարոն Մարգարյանի հրաժարականի հետ, եւ ընկերությունը «սաբոտաժ» չի իրականացնում, իրականում խնդիրները  տեխնիկական են: