Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության կազմը պետք է ուժեղացնել, ինչն անհրաժեշտ է առավել արդյունավետ աշխատանքների համար։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը՝ միաժամանակ չցանկանալով անուններ թվարկել։
Նրա խոսքով, ԵԽԽՎ-ում Հայաստանի կազմի ուժեղացումը օրակարգային խնդիր է։ «Պատվիրակության մեջ պետք է ներառվեն մարդիկ, ովքեր ԵԽԽՎ-ում իսկապես լավ կաշխատեն»,- իր տեսակետը հիմնավորեց պատգամավորը։
Հարցին, թե կազմի ուժեղացմանը զուգահեռ անհրաժեշտ համարո՞ւմ է նաեւ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի փոփոխությունը, Փոստանջյանն ասաց. «Քանի որ ԵԽԽՎ նախագահ Մեվլութ Չավուշօղլուի ընտրությունը տեղի ունեցավ Դավիթ Հարությունյանի լուռ աջակցությամբ, հետեւաբար իշխող կոալիցիան ինքը պետք է վերլուծի իրավիճակը եւ համարժեք գնահատական տա դրան։ Ես չէ, որ պետք է որոշեմ նրա փոփոխության հարցը»,- նկատեց ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամը։
Ամփոփելով՝ Զարուհի Փոստանջյանը նկատեց, որ պատվիրակության լիարժեք եւ առավել արդյունավետ աշխատանքի համար վատ չէր լինի, եթե ԵԽԽՎ-ում հայկական հիմնական կազմը համալրվեր օգնականներով։ «Օրինակ, Ադրբեջանի եւ Թուրքայի պատվիրակությունների պաշտոնական ներկայացուցիչներին ուղեկցող դիվանագետները մեծ աշխատանք են կատարում։ Միգուցե մե՞նք էլ հանդես գանք այդ ձեւաչափով»,- հարց բարձրացրեց Փոստանջյանը։




























