Չնայած Հայաստանը հեռու է Կասպից ծովից, բայց ոչ այնքան հեռու, որ Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիան չշոշափի նրա շահերը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է էներգետիկ անվտանգության փորձագետ, քաղաքագետ-միջազգայնագետ Վահե Դավթյանը։

Նրա խոսքով՝ այդ կոնվենցիան թեեւ ուղղակիորեն չի շոշափում Հայաստանի շահերը, սակայն անուղղակիորեն, այնուամենայնիվ, իր բացասական ազդեցությունը գործում է։

«Աշխարհաքաղաքական տեսանկյունից, ինչպես ինձ թվում է, կոնվենցիայի ստորագրման հետեւանքով Հայաստանը, մասամբ, կկորցնի իր ռազմաքաղաքական եւ աշխարհաքաղաքական նշանակությունը տարածաշրջանում»,–պարզաբանել է Դավթյանը։

Այսպես, փորձագետի կարծիքով, ուժեղացնելով իր դիրքերը Ղրիմի միացման, Սիրիայում հաջողությունների եւ Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին համաձայնագրի ստորագրման հաշվին՝ Ռուսաստանը, փաստացի, հնարավորություն է ձեռք բերել վերահսկել ամբողջ սեւծովյան–կասպյան տարածաշրջանը։ Եվ այդ առումով, ի դեմ Հայաստանի Անդրկովկասում ֆորպոստի առկայության անհրաժեշտությունը, փաստացի, վերանում է։   

Բացի այդ, էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետը շեշտել է, որ Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայի ստորագրումը կամրապնդի Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Իրանի միջեւ համագործակցությունը բազմաթիվ ոլորտներում, մասնավորապես, տնտեսական, էներգետիկայի եւ տրանսպորտի ոլորտներում, ինչը նույնպես շոշափում է Երեւանի շահերը:

«Այսօր մենք արդեն տեսնում ենք, որ հիմնական տրանսպորտային եւ լոգիստիկ նախագծերը, որոնք պետք է անցնեին Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքով, ամբողջությամբ ուղղվել են Ադրբեջանի տարածք։ Կասպյան կոնվենցիան իհարկե կստեղծի այդ գործընթացի ակտիվացման նախադրյալներ։ Խոսքը Իրան—Հայաստան երկաթուղու նախագծի սառեցման մասին է եւ այդ երթուղու ուղղումը դեպի ադրբեջանա–իրանական տարածք»,–նշել է քաղաքագետը։

Փորձագետի խոսքով՝ նաեւ կարող է լուրջ տուժել Իրան–Հայաստան–Վրաստան–Ռուսաստան էներգետիկ միջանցքը, թեեւ այդ ծրագրի շինարարական աշխատանքներն արդեն իսկ սկսվել են։

Այս ամենը, Դավթյանի կարծիքով, ընդգծում են Հայաստանի մեկուսացումը տարածաշրջանային աշխարհաքաղաքական գործընթացներից։

Հիշեցնենք, որ Ղազախստանի Ակթաու քաղաքում օգոստոսի 12-ին տեղի է ունեցել Ռուսաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի, Թուրքմենստանի եւ Իրանի առաջնորդների հանդիպումը, որի արդյունքում տարածաշրջանի համար պատմական փաստաթուղթ է ստորագրվել՝ Կասպից ծովի կարգավիճակի մասին կոնվենցիան, դրա շուրջ աշխատանքն անցկացվել է 22 տարի։