Երեւանում Բրիտանական դեսպանատունը հայտարարում է Չիվնինգ կրթաթոշակի մասին, որը ֆինանսավորում է Միացյալ Թագավորության Արտաքին գործերի եւ համագործակցության երկրների նախարարությունը եւ համակարգվում է Բրիտանական խորհրդի կողմից:

Չիվնինգի կրթաթոշակը հովանավորում է Բրիտանիայում 12 ամիս ուսանելու ծախսը՝ ներառյալ ապրելու եւ միջազգային թռիչքի վճարները:

Կրթաթոշակները տրամադրվում են մրցութային հիմունքներով մագիստրոսի աստիճան ձեռք բերելու համար հետեւյալ ոլորտներում`

• հակամարտությունների կանխարգելում եւ լուծում,
• հանրային ոլորտի բարեփոխումներ եւ արդյունավետ կառավարում ՝ այն Եվրամիության եւ այլ միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով,
• մարդու իրավունքների ոլորտում միջազգային չափանիշների եւ պարտավորությունների իրականացում,
• քաղաքացիական հասարակության հզորացում, ազատ/անաչառ ԶԼՄ, ժողովրդավարական կառույցներ եւ օրենքի գերակայություն:

Թեկնածուի հատկանիշները

Դիմորդները պետք է առաջնորդական եւ ազդեցիկ դիրքերին հասնելու ներուժ ունենան: Նրանք պետք է ցուցադրեն, որ տիրապետում են այդ ներուժի արտահայտման անհատական, մտավոր եւ ներանձնական հատկություններին: Թեպետ թեկնածուները պետք է տիրապետեն իրենց ընտրած ոլորտում անհրաժեշտ ակադեմիական գիտելիքներին, այնուամենայնիվ ակադեմիական գերազանցությունը որոշիչ գործոն չէ կրթաթոշակների հանձման գործընթացում:

Թեկնածուները պետք է`

• լինեն 25-35 տարեկան, սակայն մենք ողջունում ենք տարիքային բոլոր խմբերի ներկայացուցիչներին մասնակցելու կրթաթոշակի մրցույթին,
• արդեն ունենան բարձրագույն կրթության դիպլոմ,
• լինեն Հայաստանի քաղաքացիներ եւ բնակվեն  Հայաստանում վերջին երեք տարիներին,
• ունենան նվազագույնը երկու տարվա աշխատանքային փորձ  իրենց ընտրած ոլորտում,
• ունենան անգլերենի համապատասխան գիտելիքներ (տես Ընտրության ընթացակարգը),
• վերադառնան Հայաստան եւ աջակցեն երկրի զարգացմանը:

Ինչպես դիմել

Դիմումի ձեւն անհրաժեշտ է լրացնել առցանց: Առաջին փուլն անցած դիմորդները պետք է ներկայացնեն հետեւյալ փաստաթղթերը`

• երկու երաշխավորագիր պաշտոնական ձեւաթղթով եւ/կամ կնքված, ոչ ավելի քան վեց ամսվա վաղեմության ,
• դիպլոմների եւ դիպլոմների միջուկների նոտարով հաստատված անգլերեն պատճենները ,
• առողջության վերաբերյալ հայտարարագրման փաստաթուղթը:

Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է 2011թվականի փետրվարի 28-ը: Ուշացած կամ ոչ ամբողջական դիմումները հաշվի չեն առնվի: Թեկնածուի պարտականությունն է վստահ լինել, որ դիմումի ձեւն ամբողջական է:

Ընտրության ընթացակարգը

2011 թվականի մարտի 4-ին պարզ կլինեն առաջին փուլն անցած դիմորդները: Մենք խորհուրդ ենք տալիս, որպեսզի դիմորդներն արդեն ընտրած լինեն իրենց դասընթացն ու համալսարանը: Միայն առաջին փուլն անցած դիմորդների հետ կապ կհաստատվի եւ նրանք կհրավիրվեն հարցազրույցի:  

Հարցազրույցները տեղի կունենան 2011թվականի մարտի առաջին կեսին: Նրանք, ովքեր հաջողությամբ հաղթահարել են հարցազրույցի փուլը, կհանձնեն անգլերեն լեզվի քննություն (ակադեմիական IELTS, պահանջվում է 6.5 եւ ավելի միավոր) 2011թվականի մարտի 19-ին:

Թեկնածուները պետք է կարողանան մասնակցել անգլերեն լեզվի քննությանը եւ հարցազրույցին

Երեւանում:  Վերջնական արդյունքները կհայտարարվեն 2011թվականի մարտի վերջին:  Ընտրական հանձնաժողովի որոշումը վերջնական է:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Բրիտանական խորհրդի գրասենյակ Հռիփսիմե Մանուկյանին [email protected] 569923 ն.հ 101 կամ այցելեք www.britishcouncil.am կայքը: