Հայաստանի կառավարությունն այսօր՝ օգոստոսի 23-ի իր նիստում հավանություն տվեց Սյունիքի մարզի Կապան քաղաքում քաղաքապետի արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին որոշմանը:

Ըստ այդմ, որոշվեց, որ Կապանի քաղաքապետի ընտրությունները կանցկացվեն 2018-ի հոկտեմբերի 21-ին:

Գործադիրի որոշմամբ, դրանց անցկացման համար ՀՀ 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված  կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հատկացվեց  3 մլն 610 հազար դրամ:

Կառավարության այլ որոշումով սահմանվել, որ հոկտեմբերի 21-ին համայնքի ղեկավարի ընտրություններ տեղի կունենան նաեւ Արմավիրի մարզի Դալարիկ, Գեղարքունիքի մարզի Երանոս, Սարուխան, Կոտայքի մարզի Արզնի, Գեղաշեն, Մրգաշեն համայնքներում:

Հիշեցնենք, որ Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը հրաժարական էր տվել Նիկոլ Փաշինյանի Սյունիք այցը հաջորդ օրը՝ հուլիսի 6-ին: