ՀՅԴ-ն ընտրել է Երեւանի ավագանու  ընտրություններին քաղաքապետի իրենց թեկնածուին, սակայն դեռ չեն շտապում հայտարարել թեկնածուի անունը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը:

«Բոլորը շտապում են օր առաջ հայտարարել ցուցակի թիվ 1 համարի մասին, մենք էլ ճիշտ հակառակ տակտիկան ենք կիրառում: Մենք մեր թեկնածուին կհայտնենք ճիշտ ժամանակին, օրը, սակայն, չեմ կարող հայտնել»,-ասաց Արսեն Համբարձումյանը:

ՀՅԴ անդամն, այնուամենայնիվ, մի փոքր բացեց գաղտնիության քողը եւ որոշեց հայտնել իրենց թիմի կարգախոսը. «Միասին, հանուն Երեւանի»:

«Ծրագիրն էլ է արդեն համարյա վերջնական  տեսքի բերված, քարոզչական ռազմավարությունն էլ, ցանկն էլ»,-ասաց Արսեն Համբարձումյանը՝ էլի մանրամասներ չհայտնելով:

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը  վստահ է, որ իրենք լուրջ հաջողություններ կգրանցեն ավագանու ընտրություններին եւ հենց այդ ակնկալիքով էլ մասնակցում են ընտրություններին:

Նշենք, որ Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու մասին հայտարարություն է տարածել արդեն 11 քաղաքական ուժ, նրանցից միայն ՀՅԴ-ն է, որ դեռ չի հայտարարել իր թեկնածուի մասին: