Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը ո´չ հաստատեց, ո´չ հերքեց տեղեկատվությունն այն մասին, որ Երեւանի ավագանու ընտրություններին իրենց թեկնածուն ԱԺ նախկին պատգամավոր Միքայել Մանուկյանն է:
«Ես ո´չ հաստատում եմ, ո´չ հերքում այդ տեղեկատվությունը, կգա ժամանակը կհայտարարենք այդ մասին»,- ասաց նա:
Ավելի վաղ ՀՅԴ-ն, հայտնել էր, որ իրենց կարգախոսն է «Միասին՝ հանուն Երեւանի», սակայն թեկնածուի անունը չէին հայտնել:
Նշենք, որ Միքայել Մանուկյանն այժմ բնապահպանության նախարարության անտառային պետական կոմիտեի նախագահն է, իսկ մինչ այդ նա զբաղեցնում էր «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը:
Երեւանի ավագանու ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 23-ին: Քարոզարշավը կսկսվի սեպտեմբերի 10-ին:
Ընտրություններին մասնակցելու իրենց մտադրության մասին բացի ՀՅԴ-ից հայտնել են 10 քաղաքական ուժեր. «Քաղաքացիական պայմանագիրը», որի ցուցակը կգլխավորի Հայկ Մարությանը, ԲՀԿ-ն, որի ցուցակը կգլխավորի Նաիրա Զոհրաբյանը, «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցությունների միասնական ցուցակը կգլխավորի Արտակ Զեյնալյանը, «Ժառանգություն» կուսակցության ցուցակը կգլխավորի Րաֆֆի Հովհաննիսյանը, «Երկիր ծիրանի» կուսակցության ցուցակը կգլխավորի Զարուհի Փոստանջյանը, ՀՀՇ-ի ցուցակի կգլխավորի Արարատ Զուրաբյանը (նա ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր է), «Ժողովրդավարական ուղի» կուսակցության ցուցակը կգլխավորի Մանուել Գասպարյանը, «Երեւանի հանրություն» նախաձեռնության եւ «ԳԱԼԱ» կուսակցության ցուցակը կգլխավորի ճարտարապետ Անահիտ Թարխանյանը, Ռեֆորմիստներ կուսակցության ցուցակը կգլխավորի կինոռեժիսոր Արտակ Ավետյանը, ՕԵԿ ցուցակը կգլխավորի Մհեր Շահգելդյանը:





























