Վիճակագրական թվերը փաստում են, որ 2009-ի համեմետությամբ Հայաստանում  քաղցկեղով հիվանդացության դեպքերի 2 տոկոս աճ է նկատվում։ Փետրվար 4-ին՝ Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ուռուցքաբան Գագիկ Բազիկյանը։

Նրա խոսքով, հատկանշական է նաեւ, որ մեր երկրում հիվանդությունը գնալով ավելի ու ավելի է երիտասարդանում։

«Ընդունված է ասել, որ քաղցկեղը մեծահասակների հիվանդություն է, սակայն Հայաստանում բավական շատ են երիտասարդները, որոնց մոտ նախաքաղցկեղային վիճակներ են ախտորոշվում։ Ինչ վերաբերում է վիճակագրական տվյալներին, ապա 2009 թվականին Հայաստանում քաղցկեղով հիվանդ է եղել 7656, մահացել ավելի քան 5 հազար մարդ։ Ընդ որում, մեր երկրում առաջին տեղում թոքերի քաղցկեղն է՝ 1200 հիվանդացության դեպք տարեկան, դրան  հաջորդում են կրծքագեղձի, այնուհետեւ ստամոքսի, հաստ աղիքի, միզապարկի եւ կանացի սեռական օրգանների քաղցկեղները»,- նկատեց մասնագետը։

Նա նաեւ տեղեկացրեց, որ հանրապետությունում այսօրվա դրությամբ հաշվառման է կանգնած քաղցկեղով հիվանդ շուրջ 31 հազար մարդ։ «Ընդ որում, նրանցից 15 հազարը բուժվել են եւ պրակտիկ առողջ են, սակայն ամբողջ կյանքի ընթացքում պետք է շարունակեն գտնվել դիսպանսեր վեահսկողության ներքո»,- տեղեկացրեց Բազիկյանը։

Ամփոփելով՝ ուռուցքաբանը նկատեց, որ հիվանդությունը նախնական փուլերում հայտնաբերելը մեծապես նպաստում է դրա կանխարգելմանն ու բուժմանը։ «Նախաքաղցկեղային վիճակում գտնվող մարդուն փրկելու հավանականությունը մոտ է 100 տոկոսի, առաջին փուլում, երբ ուռուցքը 2 սմ մեծություն ունի՝ 70-80 տոկոսի։ Մյուս երեք փուլերում արդյունավետությունը համապասխանաբար նվազում է»,- տեղեկացրեց բժիշկը։