Սեպտեմբերի 23-ին կայանալիք Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման ընթացքում հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները, քաղաքացիների հաղորդումները եւ ահազանգերը գրանցելու եւ հաշվառելու, հաղորդումների քննարկման եւ դրանց հիման վրա նախապատրաստվող նյութերի ու հարուցված քրեական գործերի նախաքննության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազի օգոստոսի 28-ի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ:
Դատախազության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ խմբի ղեկավար է նշանակվել գլխավոր դատախազի տեղակալ Հայկ Ասլանյանը: Աշխատանքային խմբի հիմնական գործառույթների մեջ են մտնում արտահերթ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման ընթացքում հնարավոր ընտրական իրավախախտումների վերաբերյալ ստացված հաղորդումների ուսումնասիրումը, դրանց ենթակայության հարցի լուծումը, ինչպես նաեւ այդ հաղորդումների քննարկման, նյութերի նախապատրաստման եւ հարուցված քրեական գործերի նախաքննության նկատմամբ դատախազական հսկողություն իրականացնելիս Երեւան քաղաքի վարչական շրջանների դատախազներին գործնական աջակցության ցուցաբերումը:
Հրամանով Երեւան քաղաքի եւ Երեւան քաղաքի վարչական շրջանների դատախազներին հանձնարարվել է ընտրական իրավախախտումների վերաբերյալ հաղորդումները քննարկել եւ դրանց ընթացք տալ սեղմ ժամկետում:
ՀՀ գլխավոր դատախազի կողմից աշխատանքային խմբի առջեւ խնդիր է դրվել ընտրախախտումների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու, դրանցով նախաձեռնված քրեադատավարական գործընթացների վերաբերյալ պահանջվող տեղեկատվությունն օպերատիվ կերպով տրամադրելու շրջանակներում սերտորեն գործակցել ինչպես ՀՀ ԿԸՀ-ի, այնպես էլ ընտրությունները լուսաբանող լրատվամիջոցների, դիտորդական առաքելություն իրականացնող եւ շահագրգիռ այլ կազմակերպությունների հետ, պատշաճ եւ օպերատիվ լուսաբանմամբ ապահովել իրականացվող աշխատանքների հրապարակայնությունն ու թափանցիկությունը:
Աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու, ընտրական իրավախախտումների վերաբերյալ տեղեկատվությունն ստանալու, ինչպես նաեւ ընտրական գործընթացում ներգրավված սուբյեկտների կողմից ընտական իրավախախտումների վերաբերյալ բարձրացված հրատապ խնդիրներին արագ արձագանքումն ապահովելու նպատակով օգոստոսի 29-ից Երեւանի դատախազությունում գործարկվել է թեժ գիծ՝ 511603 հեռախոսահամարով:





























