Արգանդի վզիկի քաղցկեղ ունեցող հայ կանանց 64 տոկոսը մասնագետին դիմում է հիվանդության 3-րդ 4-րդ փուլերում, ինչը նշանակում է, որ նրանք գինեկոլոգի մոտ չեն եղել ամենաքիչը 10-15 տարի։ Փետրվարի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման վիճակագրություն ներկայացրեց ուռուցքաբան-գինեկոլոգ Վահե Տեր-Մինասյանը:
«Արգանդի վզիկի քաղցկեղը զարգացման գաղտնի շրջան անցնում է հենց 10-15 տարում, իսկ հայ կանանց մեծ մասը տարիներով գինեկոլոգի չի այցելում, ինչն էլ պատճառ է դառնում, որպեսզի հիվանդությունը նրանց մոտ հայտնաբերվի վերջին կամ նախավերջին փուլերում։ Այդ է պատճառը, որ մենք խնդրում ենք կանանց հարգել իրենց օրգանիզմը եւ հաճախակի այցելել գինեկոլոգին»,- խորհուրդ տվեց Վահե Տեր-Մինասյանը՝ միաժամանակ ավելացնելով, որ արգանդի վզիկի քաղցկեղի հիվանդացության պիկը Հայաստանում գրանցվել է 2009 թվականին՝ 272 նոր դեպք, որից 127-ը՝ մահվան ելքով։
Մասնագետը նաեւ տեղեկացրեց, որ արդեն անցած տարվանից մասնավոր ընկերությունների կողմից Հայաստան է ներմուծվում արգանդի վզիկիկ քաղցկեղը կանխարգելող շիճուկ։ «Վակցինացիան կատարվում է կամավոր սկզբունքով եւ բավական թանկ արժե»,-նշեց Վահե Տեր-Մինասյանը՝ միաժամանակ չկոնկրետացնելով, թե հատկապես ինչ թվերի մասին է խոսքը։
«Պապիլոմա վիրուսի դեմ շիճուկը աշխարհի բազմաթիվ երկրներում կիրառվում է արդեն 7-8 տարի, մեզ մոտ՝ միայն վերջին երկու տարիներին։ Ընդ որում, տարբեր երկրներում՝ կախված նրանից, թե որ տարիքից է կինն սկսում սեռական կյանքով ապրել, վակցինացիան կատարվում է 15 տարեկանից սկսած»։
Ասուլիսին ներկա ուռուցքաբան Գագիկ Բազիկյանն իր հերթին ավելացրեց, որ կառավարության կողմից մշակված եւ 2011-2018 թվականների համար հաշվարկված ռազմավարության համաձայն՝ արգանդի վզիկի, կրծքագեղձի, թոքի եւ աղեստամոքսային տրակտի քաղցկեղների կանխարգելման համար նախատեսվում է գումարներ հատկացնել։



























