Դատելով պաշտոնական տվյալներից՝ հուլիսին բնակարանային շուկայում զգալի փոփոխություններ են տեղի ունեցել: Այստեղ, ճիշտ է, անհրաժեշտ է մեկ ամսվա ու մեկ տարվա փոփոխություններն առանձնացնել, քանի որ նրանց միջեւ որակական տարբերություններ կան:

Այսպիսով, հուլիսին Հայաստանում բնակարանների առքուվաճառքի գործարքների քանակը նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ աճել է բառացիորեն հարվածային տեմպերով`429 միավորով կամ գրեթե 1.4 անգամ: Երեւանում այս ցուցանիշները համապատասխանաբար 255 բնակարան եւ 1.3 անգամ են կազմել: Այսինքն, մայրաքաղաքին բաժին է հասել բնակարանների վաճառքի գործարքների աճի գրեթե 60 տոկոսը:

Հայաստանում անշարժ գույքի շուկայի ծավալը համեմատաբար փոքր է: Հետեւաբար, ցանկացած պատահականություն (ասենք, միայն մեկ բնակելի շենքի շահագործումը, եւ հիփոթեքի աջակցության պետական ծրագրերի շրջանակներում այդ շենքի բնակարանների զանգվածային վաճառքը) կարող են ազդել վաճառքի դինամիկայի վրա:

Ինչպես նաեւ, ինչը պակաս կարեւոր չէ, վաճառքի միջին գների: Սկզբունքորեն չի բացառվում այն իրավիճակը, երբ առաջարկի գինը չի փոխվում, իսկ տեղաշարժեր կան միայն վաճառքի շուկայում: Օրինակ, թանկ բնակարանների մասնաբաժինը մեծանում է:

Մինչ այդ հանրապետության գրեթե բոլոր քաղաքներում, ներառյալ մայրաքաղաքում բնակարանների շուկայական գները աճել են (տես ստորեւ ներկայացված աղյուսակները): Ամեն դեպքում, դա հետեւում է պաշտոնական տվյալներից: 47 մարզային քաղաքներից միայն 9-ում են գները նվազել: Հետաքրքրական է, որ ամենաբարձր տարեկան աճը եղել է Այրում փոքրիկ քաղաքում՝ գրեթե 1.8 անգամ: Սակայն, այստեղ ազդել է նաեւ տեղական բնակարանային շուկայի փոքր չափը (Այրումում ընդամենը 31 շենք է` 575 բնակարաններով) եւ ցածր բազային գները (32 հազար դրամ կամ 57 դոլար մեկ քառակուսի մետրի համար):

Երեւանում բնակարանների շուկայական գները աճել են բոլոր վարչական շրջաններում: Ընդ որում ամենաբարձր աճը նկատվել է անշարժ գույքի արժեքով «թանկ» Կենտրոնում:

 Այստեղ գները տարվա ընթացքում «քառակուսու» համար ավելացել են 85 հազար դրամով կամ գրեթե 19 տոկոսով: Ավելի մանրամասն տվյալներին չտիրապետելու պատճառով կարելի է միայն ենթադրություններ անել այս երեւույթի վերաբերյալ:

Պաշտոնական տվյալներով, հուլիսին Կենտրոնում բնակարանի «քառակուսու» միջին գինը մի փոքր գերազանցում էր 1,1 հազար դոլարը: Անշարժ գույքի գրասենյակների որոշ հայտարարություններում նույն շրջանում նույն «քառակուսին» առաջարկվում էր, ասենք, 1,2- 1,3 հազ. դոլարով: Այստեղ գնորդներին առաջարկվում էին հիանալի վերանորոգված, խոհանոցային տեխնիկայով, պատրաստի բնակարաններ: Կային նաեւ նաեւ գերթանկ օբյեկտներ`1 քառ. մ-ի համար  2 հազար դոլար արժեքով:

Սակայն կան նաեւ այլ օրինակներ: Հաճախ կան մասնավոր հայտարարություններ, որոնցում սեփականատերը վաճառում է իր սեփականությունը առանց միջնորդների: Օրինակ, մայրաքաղաքի փոքր կենտրոնում, կահույքով եւ տեխնիկայով վերանորոգման կարիք չունեցող բնակարանը «քառակուսու» համար առաջարկվում էր 0.9 հազար դոլարից պակաս գնով:

Հավանաբար, սեփականատերը ընդմիշտ լքելու է երկիրը, եթե բնակարանի հետ վաճառում է նաեւ գույքը: Հեռանալու ժամանակի մոտենալուն զուգընթաց, եթե գնորդը բացակայում է, ապա վաճառողը աստիճանաբար նվազեցնում է գինը: Արտագաղթի հետ կապված նման բնակարանային վաճառքի տարբերակները մեր իրականության մեջ հազվադեպ չեն:

Սմբատ Գրիգորյան