Երեւանի ավագանու ընտրությունները պետք է լինեն մաքուր ընտրություններ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 3-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երեւանի ավագանու ընտրություններին «Օրինաց երկիր» կուսակցության ցուցակը գլխավորող Մհեր Շահգելդյանը։

«Ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրեցինք, քանի որ Երեւանի ավագանու ընտրությունները համարում ենք կարեւորագույն ընտրություններ ՀՀ–ում»,–նշեց նա։

Մհեր Շահգելդյանը համոզմունք հայտնեց, որ հեղափոխությունից հետո բացասական երեւույթները՝ ընտրակեղծիքները, ուճացված ցուցակները, ընտրակաշառքը պետք է վերանան։

Նա շեշտեց՝ նորարարական զարգացման, նոր մոտեցումների կարիք ունի Երեւանը։ «Մենք կապեր ունենք աշխարհի մի շարք երկրների, մի շարք մայրաքաղաքների հետ եւ միջազգային հարաբերությունների ասպարեզում, եւ դրանք կարող են նպաստ բերել քաղաքի զարգացմանը»,–նշեց քաղաքապետի թեկնածուն։ 

Նա հավաստիացրեց, որ ունեն երիտասարդ եւ պրոֆեսիոնալ թիմ, որոնք գիտնականներ են եւ ունեն աշխատանքային փորձ։

Մհեր Շահգելդյանը անդրադարձավ նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն այն մասին, որ վերջինս պատրաստվում է օրենքով չարգելված ձեւերով մասնակցել Երեւանի քաղաքապետի ընտրությունների քարոզարշավին, կարծիք հայտնեց, որ այդ հանգամանքը չի խոչընդոտի մյուս ուժերին. «Իհարկե, օրենքով սահմանված շրջանակներում Նիկոլ Փաշինյանը կարող է մասնակցել ընտրություններին: Բնականաբար, ինքն աշխատելու է իր քաղաքական ուժի համար: Ուրիշ էլ ինչի՞ համար պիտի մասնակցի: Չեմ կարծում, որ կխոչընդոտի, քանի որ իր ռազմավարական տեսանկյունից յուրաքանչյուր քաղաքական ուժ փորձելու է առավելագույնն օգտագործել իրեն տրված հնարավորությունները»,–եզրափակեց նա: