Հացահատիկի համաշխարհային շուկայում 2011 թ. գները հիմնականում կունենան չափավոր աճի միտումներ: Այդ մասին նշված է ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած Դրամավարկային քաղաքականության 2011 թ. առաջին եռամսյակի ծրագրում։
Գների աճը կպայմանավորվի հարավային կիսագնդում` Ավստրալիայում դիտարկվող ոչ բարենպաստ եղանակային պայմանների (արեւմտյան շրջանում` չոր երաշտային, արեւելյան հատվածում` խիստ անձրեւային) հետեւանքով սպասվող բերքի ծավալների էական կրճատմամբ:
Որոշակի դեր կունենա նաեւ հյուսիսային կիսագնդում աշնանացան հացահատիկի բերքի հետ կապված անորոշությունների պահպանումը: ԱՄՆ Գյուղպետդեպարտամենտի՝ հունվարի գնահատումների համաձայն՝ 2010/2011 մարքեթինգային տարում սպասվում է մոտ 646 մլն տոննա հացահատիկի բերք` նախորդ` 2009/2010-ին գրանցված շուրջ 683 մլն տոննայի փոխարեն:
Հիմնականում Չինաստանից եկող պահանջարկի մեծ ծավալներով պայմանավորված՝ հացահատիկի համաշխարհային պահանջարկը կանխատեսվում է 665 մլն տոննա, ինչի պարագայում հացահատիկի համաշխարհային պաշարները նախորդ տարվա համեմատ կնվազեն շուրջ 20 մլն տոննայով` կազմելով 178 մլն տոննա։ Դա կարտահայտի Ռուսաստանի եւ ԵՄ պաշարների կրճատումը: Արդյունքում՝ հացահատիկի գները 2011 թ. կձեւավորվեն 1 բուշելի դիմաց 8.5 ԱՄՆ դոլարի շրջակայքում:
Նշենք, որ փետրվարի 4-ին Փարիզի MATIF բորսայում 1 տոննա ցորենն արժեր 375 դոլար, իսկ Լոնդոնի LIFFE բորսայում՝ 332 դոլար։



























