Քննարկման ներկայացված Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը չի մշակվել բարձր պրոֆեսիոնալ մակարդակով: Սեպտեմբերի 5-ին ԱԺ Պետաիրավական եւ մարդու իրավունքների հարցերով մշտական հանձնաժողովի նիստում Հայաստանի Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:

Նրա խոսքով՝  առաջարկվող օրենսդրական փոփոխությունները կարող են սպառնալիք ներկայացնել հանրության համար: «Եթե կառավարությունը եւ պետությունն իսկապես ուզում են պատասխանատվությունը խստացնել, ապա դա արդյունավետ կլինի: Սակայն միայն այն դեպքում, եթե մենք ներդնենք չափելի, շոշափելի, իրագործելի դրույթներ, այլ ոչ թե միայն հայտարարություններ կատարվեն, որ պայքար է մղվում նախընտրական կաշառքի դեմ»,- պարզաբանեց Պետրոսյանը:

Պատգամավորի կարծիքով՝ այս օրինագծի հեղինակները, ըստ էության, ցուցադրեցին իրենց ոչ բանիմացությունը եւ «իրենց մտքի օրգանը չեն ծանրաբեռնել հարցերով ու արդարադատության եւ Ընտրական օրենսգրքի խնդիրներով»:

Նշենք, որ այս օրինագծով, մասնավորապես, որոշ հանցագործությունների կատարման դեպքում նախատեսվում է քրեական պատասխանատվության խստացում: Ընդ որում՝ որոշ գործողություններ հատկապես քրեորեն պատժելի կդառնան: Մասնավորապես՝ եթե քաղաքացին քվեարկի երրորդ անձանց ներկայությամբ: Դրանից բացի, նախատեսվում է քրեական պատասխանատվություն սահմանել հանրապետությունում ընտրարշավի անցկացման ժամանակաշրջանում բարեգործության համար:

Այդուհանդերձ, օրինագիծը ստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը եւ կմտցվի ԱԺ վաղվա նիստի օրակարգ: