Արտակարգ իրավիճակների նախարարությունը, ԱՄՆ-ում գործող 911 կամ եվրոպական 112 համակարգերի օրինակով, պատրաստվում է Հայաստանում նմանատիպ մի համակարգ ներդնել։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց ԱԻՆ մամուլի քարտուղար Նիկոլայ Գրիգորյանը։

Նրա խոսքով, համակարգը, որ ամենայն հավանականությամբ, հենց «911» էլ կկոչվի, համալիր օգնություն կցուցաբերի դժբախտ պատահարների արդյունքում տուժած քաղաքացիներին։

«Ծառայությունների մեջ կներառվեն ոստիկանական, բժշկական, հրշեջ եւ այլ տիպի օգնություններ, այսինքն՝ քաղաքացին զանգահարելով 911, կարող է ակնկալել, որ մեկ դիսպետչերական կետից իրեն համալիր օգնություն կտրամադրվի։ Սա դեռ չի նշանակում, որ համակարգի գործելուն պես ոստիկանությունը, շտապօգնությունը, գազի եւ մնացած այլ ծառայությունները կդադրեցնեն իրենց աշխատանքը։ Նրանք կշարունակեն նախկինի նման աշխատել։ Ինչ վերաբերում է 911-ի աշխատաոճին, ապա նոր համակարգում մարդկանց հեռախոսազանգերին կպատասխանեն հոգեբանական կրթություն ունեցող հատուկ մասնագետները, ովքեր օգնության՝ տեղ հասնելու ընթացքում կպահեն ահազանգողի հետ կապը»,- նկատեց Գրիգորյանը։

Հարցին, թե ո՞ր փուլում են համակարգի ստեղծման աշխատանքները, ԱԻՆ մամուլի քարտուղարը պատասխանեց, որ դրանք արդեն իսկ մեկնարկել են։ «Ծրագրային տարբեր լուծումներ են քննարկվում, միջազգային տարբեր փորձագետների ենք հրավիրել, շարունակեում ենք ուսումնասիրել Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների փորձը։ Սա ոչ միայն գաղափար է, այլ նաեւ տեխնիկական լուծումներ, համապատասխան մարդկային ներուժ ու նաեւ միջգերատեսչական համագործակցության զարգացում»,- պարզաբանեց Նիկոլայ Գրիգորյանը։

Վերջում նա հույս հայտնեց, որ վերոնշյալ միասնական համակարգը Հայաստանում կսկսի գործել արդեն այս տարի։