Ընտրախախտումների համար պատժի խստացման մասին օրինագիծը միանաշնակ պետք է ողջունել: Այս մասին սեպտեմբերի 6-ին ԱԺ արտահերթ նիստում Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց «Ելք» դաշինքի քարտուղար Գեւորգ Գորգիսյանը:

Նրա խոսքով՝ այս օրինագիծը մեծ հնարավորություններ է տրամադրում: «Այս ժամանակից սկսած քրեա-օլիգարխիկ համակարգի մոտ չպետք է իշխանության վերադառնալու որեւէ հնարավորություն ստեղծվի»,- պարզաբանեց Գորսիսյանը: Ընդ որում՝ նա նշեց, որ այս համակարգը, ինչպես ցույց է տվել փորձը, երբեք չի օգտվել բնակչության աջակցությունից, իսկ խորհրդարանում նրանց ներկայությունը պայմանավորված էր ընտրական գործընթացների ձախողմամբ: Պատգամավորի հավաստիացմամբ՝ սա տեղի է ունեցել ընտրակաշառքի բաժանման եւ տարբեր տեսակի մեխանիզմների կիրառման ճանապարհով:

Հիշեցնենք, որ այս օրինագծով առաջարկվում է արգելել ցանկացած բարեգործական գործունեություն նախընտրական քարոզարշավի ժամանակ: Բացի այդ, առաջարկվում է պատժել ոչ միայն ընտրողներին կաշառելու, այլ նաեւ կաշառք տալու խոստման համար: Նման առաջարկների համար առաջարկվում է պատժել 100 000-ից մինչեւ 400 000 դրամ տուգանքով կամ մինչեւ 5 տարի ազատազրկմամբ:

Ընդ որում, կաշառք առաջարկվում է համարել ոչ միայն փող, այլ նաեւ այլ նյութեր տալը, ներառյալ՝ սննդամթերք: Այս խնդիրը լուծելու համար առաջարկվում է արգելել բարեգործությունը քարոզարշավի ժամանակ:

Բացի այդ, քաղաքացիներին կարգելվի քվեարկել երրորդ անձանց ներկայությամբ, ինչպես նաեւ սոցիալական ցանցերում հայտնել ընտրությունների ժամանակ նախընտրական քարոզարշավի մասնակից որոշ քաղաքական ուժերի նախասիրությունների մասին:

Օրինագիծը կտրուկ քննադատության էր արժանացել ՀՀԿ-ի եւ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների կողմից, սակայն նրանք չհամարձակվեցին այն տապալել: