Ընտրախախտումների համար պատժի խստացման մասին օրինագծի որոշ դրույթներ շտկման կարիք ունեն: Այս մասի NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Ինչպես նշեց Զոհրաբյանը, այդ դրույթները կարող են խնդիրներ առաջացնել Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովում: «Մեր պատգամավորներն առաջարկեցին ներկայացնել ավելի հստակ ձեւակերպումներ, եւ ես կարծում եմ, որ հիմնական զեկուցող, կառավարության ներկայացուցիչ, արդարադատության առաջին փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը ընդունեց մեր դիտողությունները, եւ երկրորդ ընթերցմանն այդ ուղղումներն արդեն կատարված կլինեն»,- ասաց պատգամավորը:

Հարցին՝ իրենց կուսակցությունն արդյոք պատրա՞ստ է աջակցելու այս օրինագծին, եթե կառավարությունը համապատասխան ուղղումները չկատարի, նա պատասխանեց, որ «Ծառուկյան» խմբակցությունն ամեն դեպքում կաջակցի այս օրինագծին, քանի որ իրենք հանդես են գալիս ինքնին գաղափարի օգտին, որ անհրաժեշտ է խստորեն պայքարել ընտրախախտումների դեմ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ին ԱԺ արտահերթ նիստում խորհրդարանականներն առաջին ընթերցմամբ ընդունեցին Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին սկանդալային օրինագիծը, որով նախատեսվում է ընտրախախտումների համար պատժի խստացում: Օրինագծին «կողմ» քվեարկեցին 66 պատգամավորներ:

Նշենք, որ այս օրինագծով առաջարկվում է արգելել ցանկացած բարեգործական գործունեություն նախընտրական քարոզարշավի ժամանակ: Բացի այդ, առաջարկվում է պատժել ոչ միայն ընտրողներին կաշառելու, այլ նաեւ կաշառք տալու խոստման համար: Նման առաջարկների համար առաջարկվում է պատժել 100 000-ից մինչեւ 400 000 դրամ տուգանքով կամ մինչեւ 5 տարի ազատազրկմամբ:

Ընդ որում, կաշառք առաջարկվում է համարել ոչ միայն փող, այլ նաեւ այլ նյութեր տալը, ներառյալ՝ սննդամթերք: Այս խնդիրը լուծելու համար առաջարկվում է արգելել բարեգործությունը քարոզարշավի ժամանակ:

Բացի այդ, քաղաքացիներին կարգելվի քվեարկել երրորդ անձանց ներկայությամբ, ինչպես նաեւ սոցիալական ցանցերում հայտնել ընտրությունների ժամանակ նախընտրական քարոզարշավի մասնակից որոշ քաղաքական ուժերի նախասիրությունների մասին:

Օրինագիծը կտրուկ քննադատության էր արժանացել ՀՀԿ-ի եւ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների կողմից, սակայն նրանք չհամարձակվեցին այն տապալել: