Հայաստանի ոստիկանությունը բերման չեն ենթարկվել եւ չեն ձերբակալել հանցագործ աշխարհում հայտնի «օրենքով գողեր»: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության աշխատակից Արմեն Մալխասյանը`անդրադառնալով NEWS.am-ի տեղեկությանը, ըստ որի նախորդ գիշեր Հայաստանի ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները Գյումրի քաղաքի «Բյուզանդ» ռեստորան-համալիրից ոստիկանության Շիրակի մարզային վարչություն են բերման ենթարկել թվով 20-25 անձանց:
«Ոստիկանությունը պարբերաբար պրոֆիլակտիկ միջոցառումներ է կատարում քրեածին աշխարհում: Բերման ենթարկվածներ եւ ձերբակալվածներ չկան»,-հայտարարեց Մալխասյանը: Նա, սակայն, այդպես էլ չպարզաբանեց, թե ոստիկանությունում ինչ նկատի ունեն «պրոֆիլակտիկ միջոցառում» ասելով` միայն նշեց, թե «դա ոստիկանության գործառույթների մեջ մտնող գործողություն է»: «Բավարարվեք այսքանով»,-հավելեց Մալխասյանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, «պրոֆիլակտիկ միջոցառում» օպերացիան իրականացվել էր Գյումրի քաղաքի «Բյուզանդ» ռեստորան-համալիրում, որտեղ նշվում էր թաղային հեղինակություն Սուրեն Ավետիսյանի տարեդարձը:
Ոստիկանության Շիրակի մարզային վարչություն են տարվել մասնավորապես` նախկինում դատապարտված, «Զապ» մականունով 43-ամյա Անդրանիկ Սողոյանը, «Օշականցի Գեւորիկը»` 41-ամյա Գեւորգ ՄԵլիքյանը, «Պավլուշի տղա Սուրո» մականվամբ 38-ամյա Սուրեն Ավետիսյանը, «Ալո» մականունով 47-ամյա Ալեքսանդր Մակարյանը, «Մենթի տղա Սամո» մականունով 38-ամյա Սամվել Հարությունայնը, «Աֆուլիկ» մականվամբ 32-ամյա Ռաֆայել Խոյեցյանը, ինչպես նաեւ հանցագործ աշխարհում հեղինակություն համարվող «Վստրեչի Ապեր» մականունով 40-ամյա Արամ Վարդանյանը:
Ոստիկանություն տարվածների մեջ է եղել նաեւ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի 37-ամյա որդին` Սպարտակ Ղուկասյանը, ում անունը հաճախ է հնչում հակաօրինական գործողությունների համատեքստում: Ըստ մեր աղբյուրի` ոստիկանություն տարվածները ենթարկվել են խուզարկման, իսկ կեսգիշերին ստորագրությամբ ազատ են արձակվել:
Ի դեպ, NEWS.am-ը փորձեց մեկնաբանություն ստանալ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանից, սակայն նրա բջջային հեռախոսը ողջ օրն անջատված է: Իսկ Գյումրիի քաղաքապետարանի լրատվության բաժնի պետ Լիլիթ Աղեկյանը Վարդան Ղուկասյանի որդուն բերման ենթարկելու տեղեկատվությունը որակել է որպես սուտ, միաժամանակ հավելել. «Նման ինֆորմացիայի չեմ տիրապետում»:




























