Արդեն նախարարներից մեկը կոպտորեն խախտում է օրենքը եւ քարոզարշավ է իրականացնում դեռ քարոզարշավը չսկսված: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ԱԺ-ում «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցի քննարկման ժամանակ նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը:
Նա հիշեցրեց, որ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընտրական օրենսգրքի բոլոր քննարկումների ժամանակ մշտապես խոսել է քաղաքական կամքի մասին. «Այսինքն ընտրական օրենսգիրքը չէ, որ պիտի թեմա դառնա, ընտրական օրենսգիրքը կարող է լինել իդեալական, բայց միայն քաղաքական կամքի պարագայում կարելի է անցկացնել ազատ, արդար ընտրություններ: Ասեմ, որ արդեն նախարարներից մեկը կոպտորեն խախտում է օրենքը եւ քարոզարշավ է իրականացնում դեռ քարոզարշավը չսկսված»,-ասաց նա:
Աճեմյանը հորդորեց բոլոր քաղաքական ուժերին զգոն լինել, որովհետեւ արդեն հնչում են տարբեր մեկնաբանություններ սեւ ու սպիտակի մասին, հայհոյում են այն ուժերին, որոնք կարող են իրենց խանգարել. «Դա նշանակում է, որ ես կարող եմ ենթադրել, որ վաղը կարող է լինել նաեւ ընտրակեղծարարություններ: Կոչ եմ անում կառավարությանը եւ այն քաղաքական ուժին, որը խոսել է քաղաքական կամք, դրսեւորել այդ կամքը: Այսօր որեւէ մեկը ձեզ չի խանգարում ազատ, արդար ընտրություններ անցկացնել»:
Նշենք, որ նախօրեին ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում տեղադրել էր Երեւանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի քարոզչական պաստառի լուսանկարը:





























