ԱՄՆ ողջ տարածքում ակտիվիստները հորդորում են իրենց սենատորներին դժվար հարցեր տալ թեկնածուին: Ամերիկահայերը, Հայաստանի բարեկամները, մարդու իրավունքների ակտիվիստները եւ խաղաղության ջատագովները, որպես Ամերիկայի հայ դատի հանձնախմբի քարոզարշավի մի մաս, հորդորում են ԱՄՆ-ի իրենց սենատորներին` ուշադիր քննել Թրամփի առաջադրած, արտաքին գործերի պաշտոնյա Էրլ Լիցենբերգերի թեկնածությունը Ադրբեջանում դեսպանի պաշտոնի համար:

Սենատի արտաքին կապերի հանձնաժողովը սկսելու է ուսումնասիրել Լիցենբերգերի թեկնածությունը` թափուր պաշտոնը բաղեցնելու համար. գործընթացը ներառում է լսումներ, գրավոր հարցերի պատասխաններ, եւ ապա` հանձնաժողովում ողջ Սենատի կողմից քվեարկություն: Նախագահ Օբամայի առաջադրած թեկնածու Մաթ Բրիզան երկու անգամ մերժվել է Սենատի կողմից Բաքվում դեսպան դառնալ` հաշվի առնելով նրա ակնհայտ կողմնակալությունը Ադրբեջանին, Թուրքիային եւ Հայաստանին վերաբերող հարցերում, ինչից հետո էլ ընդամենը մեկ տարի է պաշտոնավարել հետադարձով նշանակումով:

Հայ դատի հանձնախմբի կայքը մտահոգված անձանց հնարավորություն է տալիս ուղիղ հայցով դիմել իրենց երկու սենատորներին, որպեսզի վերջինները հաստատման գործընթացում հարցեր ուղղեն Լիցենբերգերին:

«Երբեւէ այսքան հրատապ անհրաժեշտություն չի եղել պարզելու Ալիեւի ռեժիմի հետ Ամերիկայի հարաբերությունների բնույթը», - ասել է Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Նրա խոսքով` այս հաստատման գործընթացը հնարավորություն է տալիս, որպեսզի Կոնգրեսը լուրջ ուսումնասիրի ամերիկյան-ադրբեջանական անընդհատ լարվող հարաբերությունները, որոնք բնորոշվում են հայերի դեմ խիստ ագրեսիայով, խորացող հակասություններով եւ Ամերիկայի քաղաքականությունը մանիպուլյացայի ենթարկելու քարոզարշավի ֆինանսավորմամբ:

Ավանդաբար ԱՄՆ սենատորները այս պաշտոնի թեկնածուներին ուղղել են տարածաշրջանային առաջնահերթության մի շարք հարցեր` ներառյալ խաղաղության գործընթացը, հետախուզման կառուցակարգերը եւ զինադադարի ամրապնդումը, ինչպես նաեւ Ալիեւի ռեժիմի հետ կապված առանձին մտահոգություներ:

Սպիտակ տան կայքի համաձայն` Էրլ Լիցենբերգերը ներկայում քաղաքական-ռազմական հարցերով Պետդեպարտամենտի  ավագ խորհրդական է: Արտաքին գործերում իր աշխատանքի ընթացքում եղել է Գերմանական Մարշալի ֆոնդի ավագ գիտաշխատող, ապա ՆԱՏՕ-ում ԱՄՆ պատվիրակության ղեկավարի տեղակալ, Աֆղանստանում ՝ ՆԱՏՕ-ի քաղաքացիական ներկայացուցչի տեղակալ, Սերբիայում ՝ ԱՄՆ դեսպանատան պատվիրակության ղեկավարի տեղակալ, ինչպես նաեւ Ղրղզստանում՝  ԱՄՆ փոխդեսպան:

Նա ունի Միդլբերի համալսարանի բակալավրիատի աստիճան, ինչպես նաեւ մագիստրոսական կրթություն է ստացել ԱՄՆ բանակի ռազմական քոլեջում: Ստացել է Մաթիլդա Սինքլարի` լեզուների մրցանակ: Խոսում է ֆրանսերեն, ռուսերեն, սերբերեն եւ բուլղարերեն: