Նիդերլանդների մանկական օմբուդսմեն Մարգրիթ Կլավերբոյերը հայտարարել է, որ Հոլանդիայի իշխանությունները կխախտեն երեխաների հիմնարար իրավունքները, եթե Հայաստան արտաքսեն Լիլիին եւ Հովիկին:

Նրա խոսքով՝ Հայաստան ժամանելուն պես երեխաներին կտեղափոխեն որբանոց, քանի որ նրանց մայրը, որը Նիդերլանդներից արտաքսվել էր մեկ տարի առաջ, այս պահին չի կարող նրանց մասին հոգ տանել: «Նրանք ապրելու տեղ չունեն, նրանք չեն կարող դպրոց հաճախել»,- հայտարարել է օմբուդսմենը՝ ելույթ ունենալով հեռուստատեսությամբ:

Կլավերբոյերը շեշտել է, որ ինքը հարցը քննարկել է արդարադատության նախարար Մարկ Հարբերսի հետ, որը երեխաներին կեցության թույլտվություն տալու իրավունք ունի: Սակայն Հարբերսը մինչ այս պահը հրաժարվում է դա անել, հայտնում է Dutch News-ը:

Նշվում է, որ երեխաները կարտաքսվեն սեպտեմբերի 8-ին:

Հովիկը եւ Լիլին ծնվել են Ռուսաստանում, Հայաստանում երբեք չեն եղել եւ հայերեն չեն խոսում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ դատարանը որոշել էր, որ արդարադատության նախարարությունը կարող է Հովիկի եւ Լիլիի համար կեցության թույլտվություն չտալ, որոնց մայրը երկրից արտաքսվել էր անցյալ տարվա օգոստոսին: