ԱՄՆ-ն խորհրդակցությունների համար հետ է կանչել երեք լատինաամերիկյան երկրներում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին, որոնք հրաժարվել են Թայվանի դիվանագիտական ճանաչումից, հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Հեզեր Նաուերթը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ընդ որում՝ ԱՄՆ-ն 1979 թվականից «միասնական Չինաստան» քաղաքականության շրջանակում Թայվանը չի ճանաչում, չնայած նրա հետ սերտ հարաբերություններ է պահպանում:
«Պետքարտուղարությունը հետ է կանչել Դոմինիկյան Հանրապետությնունում դեսպան Ռոբին Բերնսթայնին, Սալվադորում դեսպան Ժան Մեյնսին եւ Պանամայում ԱՄՆ գործերի հավատարմատար Ռոքսեն Քաբրալին՝ Թայվանն այլեւս չճանաչելու վերջերս կայացված որոշման հետ կապված խորհրդակցություններ անցկացնելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ:
Վաշինգթոնում խորհրդակցությունների ժամանակ դիվանագետները կքննարկեն, թե ԱՄՆ-ն Կենտրոնական Ամերիկայում ինչպես կկարողանա աջակցել ժողովրդավարական ինստիտուտներին եւ տնտեսությանը, հավելել է Նաուերթը:




























