Քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանից (Ալավերդցի Վահագ) ՔԿ պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու գործը մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանին:
Ըստ մեղադրանքի՝ Լոռու մարզային քննչական վարչության պետ Թաթուլ Շուշանյանը Վլադիմիր Դավթյանի եւ Վահագն Աբգարյանի օգտին իր լիազորությունների շրջանակում ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու եւ անգործություն դրսեւորելու համար Վահագն Աբգարյանից պահանջել եւ անձամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք, ինչպես նաեւ չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները։
Այս գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել նաեւ Լոռու մարզային քննչական վարչության հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ Արայիկ Ներսիսյանին ու Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ Արտակ Հովհաննիսյանին:
3 պաշտոնյաներն էլ կալանքի տակ են:
Նշենք, որ 32-ամյա Արման Հովհաննիսյանը դատավոր է նշանակվել այս տարվա մարտի 27-ին:



























