Քանի որ Հայաստանը ձեւական ժողովրդավարական երկիր է, չեն կարող ասել՝ դու իրավունք չունես քաղաքականությամբ զբաղվել, դրա համար զարտուղի մեթոդներ են կիրառում, ինչպես Սերժը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 8-ին, հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Շանթ Հարությունյանը՝ անդրադառնալով նրան, որ իրեն զրկում են խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իրավունքից:

«Նիկոլը էդ նրբությունները չի հասկանում: Դա ռուսական ԿԳԲ-ի պատվերն է, ու սա նորություն չի, հազար տարի էս վիճակն է: Մենք ռուսական կայսրության դեմ հանդես ենք գալիս որպես անկախականներ, ինքնիշխանության կողմնակիցներ: Բնականաբար, այն ժամանակ իրենք ավելի բեսպրեդել էին պատժում, կարողանում էին շառ անել, դատել ու ասել՝ լավ եմ արել, շառ եմ արել: Հիմա Ռուսաստանի դիրքերը ահավոր թուլացել են միջազգային ասպարեզում, դրա համար իրենք մտածում են Հայաստանի իրենց դրածոներին հանձնարարություն տան, ասեն՝ մի ձեւ գտեք, Շանթի կարծիքը մեզ համար կարեւոր չի, ինքը գիտի, որ ռուսներով պատվեր ենք տվել, դուք էլ ռուսների պատվեր կատարողներն եք: Շանթը միշտ էլ դա գիտեր: Կարեւոր է՝ ժողովուրդը դա չիմանա, իսկ որպեսզի չիմանա, դուք ժողովրդի մեջ տարածեք, որ Շանթին ազատում ենք, բայց Շանթը կզրկվի էն բուն գործունեությունից, ինչի համար բանտում է հայտնվել: Ուղղակի մեթոդի մի քիչ նրբացնենք, քանի որ միջազգային ճնշումը մեծ է»,-հայտարարեց Շանթ Հարությունյանը:

Նա նկատեց, որ եթե ինքը հիմա բանտից դուրս գա, ժողովուրդը կասի՝ ես փողոցում Շանթին տեսնում եմ, բա ինչի՞ ԱԺ ընտրություններին չի մասնակցել. «ԿԳԲ-ն էլ իր ագենտուրայի ցանցով հո չի՞ ասի՝ Շանթը պատժի տակ է իրավունք չունի, կասի՝ ես ի՞նչ գիտեմ, հաշվել, տեսել է մեկ տոկոս ձայն էլ չունի, չի մասնակցել: Ես հիմա ԿԳԲ-ին էդ շանսը տամ, որ ինքը էդպես մանիպուլյացիա անի՞»: