Եթե ՔՊ-ն միայնակ կարողանում է այս ընտրություններում մեծ քվե վերցնել, անձամբ դեմ եմ մաս կազմել նրանց: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Ելք» խմբակցության պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը։
Նա դեռ վաղ է համարում ասել, թե ինչ ձեւաչափով կմասնակցեն խորհրդարանական արտահերթ ընտրություններին:
«Երևանի ավագանու ընտրությունները կարող են արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ դասավորումների, վերադասավորումների կանխորոշիչ հնարավորություն ստեղծել։ Ժամանակից շուտ չեմ կարող ասել, թե զարգացումներն ինչպես կլինեն: Հնարավորություն կա, որ ԱԺ ընտրությունների ժամանակ բոլոր ուժերը, այդ թվում «Ելք»-ում ներառված ուժերը, որոնք գաղափարական ընդհանրություններ ունեն, մեկ թիմով գնան, թեեւ կարող են նաեւ առանձին գնալ»,-հայտարարեց Արամ Սարգսյանը:
Նրա խոսքով, դա կախված է ուժերի գնահատականներից, ուժերի հնարավորություններից. «Եթե «Քաղաքացիական պայմանագիրը» ինքնուրույն կարողանում է մեծ քվե վերցնել, այս դեպքում ես անձամբ դեմ եմ մաս կազմել այն մեծին, որտեղ դու փոքր ես, որտեղ քո ձայնի հնարավորությունը քիչ է, այնքան որ մտել ես պատեհապաշտության ու պաշտոնի համար, էդ իմը չի։ Մեր ժողովուրդը եթե ամբողջությամբ վստահի ՔՊ-ին ու իրեն մեծամասնություն տա, իրենք էլ պետք է լինեն մեծամասնություն ու այստեղ դաշինքի խնդիր չկա», - ընդգծեց նա:
Արամ Սարգսյանը նկատեց, որ եթե խնդիր առաջանա, որ ժողովուրդն ուզում է համախմբում եւ մեծամասնություն ձեւավորելը բարդ է դառնում, ապա այն քաղաքական ուժերը, որոնք նույն գաղափարներն ունեն, միանշանակ կարող են համագործակցել:
Նա ընդգծեց, որ եթե ՔՊ-ն առանձին գնա ընտրությունների, «Հանրապետություն» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները միասին կմասնակցեն ընտրություններին:
Արամ Սարգսյանը կողմ չէ պնդմանը, թե «Ելք»-ը փլուզվել է. «Մենք հիմա էլ նստած ենք իրար կողքի. «Թե քվեարկությունները, թե մոտեցումները միասին ենք կայացնում: «Ելք»-ը խորհրդարանում գոյություն է ունենալու մինչեւ ԱԺ-ի փլուզումը կամ ցրումը, մինչեւ նոր ընտրություններ:
Հեղափոխությունից հետո ՔՊ-ն դարձավ շատ ավելի մեծ կուսակցություն, լրիվ ինքնաբավ, եւ իրենք համարում են, որ իրենց ունեցած կադրերով, մարզերում գրասենյակներով միայնակ կարող են ընտրությունների մասնակցել ու մեծամասնություն ձեւավորել: Դրանից հետո հո մենք մեր կուսակցությունները չէի՞նք փակելու, գնանք տուն:ՕՊետք է որոշեինք մեր ազդեցությունը քաղաքական դաշտում պահել, գործընթացներին մասնակցել, ազդել դրանց վրա»,-իր խոսքն ամփոփեց «Ելք»-ի պատգամավորը:




























