Հայաստանի Կենտրոնական բանկը գազի սակագների փոփոխությունը չի ներառել իր գնաճային կանխատեսումներում։ Այդ մասին այսօր՝ փետրվարի 7-ին կայացած ասուլիսում տեղեկացրեց ԿԲ դրամավարկային քաղաքականության վարչության պետ Արթուր Ստեփանյանը։
Նրա խոսքով՝ քանի դեռ որեւէ պաշտոնական հայտարարություն չի կայացել գազի սակագնի փոփոխման վերաբերյալ, իրենք հիմք չունեն այն ներառել իրենց կանխատեսումներում։
Հիշեցնենք, որ «Գապրոմի» նախագահ Ալեքսեյ Միլլերը անցյալ տարեվերջին գերմանական «Շպիգել» ամսագրին տրված հարցազրույցում ասել էր, որ Հայաստանին գազ կմատակարարեն շուկայական պայմաններով։
Սակայն նույնիսկ առանց գազի թանկացման ԿԲ-ն կանխատեսել է բավական բարձր գնաճի սցենար՝ առավել հավանական համարելով, որ 2011 թ. երկրորդ եռամսյակում գնաճը կգերազանցի 9,5 տոկոսը։ Դժվար է ասել, թե ինչ տեղի կունենա, եթե դրա հետ մեկտեղ թանկանա նաեւ գազը։
Տարեվերջում ԿԲ-ն առավել հավանական է համարում, որ գնաճը կլինի 5,5-7,5 տոկոս միջակայքում։ Այդ նպատակով ԿԲ-ն եւ կառավարությունը կիրականացնեն մի շարք միջոցառումներ։





























