ՀՆԱ-ի մասով 2011 թ. կանխատեսում ենք 4,1-5,7 տոկոս աճ։ Այդ մասին այսօր՝ փետրվարի 7-ին լրագրողներին տեղեկացրեց Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականության վարչության պետ Արթուր Ստեփանյանը։

Նշենք, որ 2011 թ. պետական բյուջեի մասին օրենքի հիմքում դրվել է ՀՆԱ 4,6 տոկոս աճի կանխատեսումը։

ԿԲ-ն հատկապես մեծ հույս է կապում գյուղատնտեսության աճի վրա, որը թույլ կտա շուկայում ավելացնել գյուղմթերքների առաջարկը եւ նվազեցնել գները։ Ըստ Ա. Ստեփանյանի՝ 2010 թ. բարձր գնաճի վրա ամենամեծ ազդեցություն թողել է հենց ներքին արտադրության պարենային ապրանքների գների աճը։ Բնակլիմայական բացասական պայմանների հետեւանքով տեղական պարենային ապրանքների ազդեցությունը գնաճի վրա կազմել է 5 տոկոս, իսկ համաշխարհային շուկաներից փոխանցված գնաճի ազդեցությունը՝  ընդամենը 2 տոկոս։  Գնաճն ընդհանուր առմամբ 2010 թ. կազմել է 9,4 տոկոս։

Գյուղատնտեսության ճյուղում ԿԲ-ն ավելացված արժեքի իրական աճը կանխատեսում է 7 – 9 տոկոսի շրջանակներում, որին նպաստելու է ինչպես բուսաբուծության, այնպես էլ անասնապահության ենթաճյուղերում ակնկալվող աճը:

Ըստ ԿԲ հրապարակման՝ գյուղատնտեսությունում խոշոր ներդրումների բացակայության պատճառով արտադրողականությունը գրեթե անփոփոխ է մնում, որի պարագայում, մասնավորապես՝ բուսաբուծությունում, թողարկման ծավալները կախված են առավելապես բնակլիմայական պայմաններից: Ուստի, գյուղատնտեսության աճի կանխատեսման ժամանակ ընտրվել է ամենաքիչ ռիսկային տարբերակը:

Արդյունաբերության ճյուղում 2011 թվականին ակնկալվում է ավելացված արժեքի շուրջ 6 – 8 տոկոս աճ, որին հիմնականում կնպաստեն համաշխարհային շուկաներում գունավոր մետաղների գների բարձր մակարդակի պահպանման պարագայում հանքարդյունաբերության եւ մետաղագործության կանխատեսվող աճը, սննդամթերքի եւ խմիչքների արտադրության աճը, ինչպես նաեւ՝ էլեկտրաէներգիայի արտադրության աճը։