Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանի հետ բանակցությունների օրակարգը հարուստ էր եւ ընդգրկուն: Այս մասին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարարր Զոհրաբ Մնացականյանը Միկաել Ժանի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

Նախարարը նշեց, թե քանի որ այցը տեղի է ունենում նախատեսված գագաթնաժողովից մեկ ամիս առաջ, բնականաբար, հիմնական թեմաներից մեկն էր դրան նախապատրաստվելը: «Մենք քննարկեցինք Ֆրանկոֆոնիայի բոլոր երկրների օրակարգերի առաջնահերթությունները, նրա ազդեցությունը եւ օգուտը անդամ երկրների համար, այս իմաստով նշվեց կազմակերպության դերը որպես լեզվական եւ մշակութային բազմակերպության հարթակ»,- նշեց ԱԳ նախարարը: Նա ընդգծեց, որ այնպիսի փոքր երկրի համար, ինչպիսին Հայաստանն է, կարեւոր է հնարավորինս շատ լեզուներ իմանալը: «Սակայն էլ ավելի կարեւոր է, որ լեզուն օգտագործվում է որպես նպատակների եւ արժեքների փոխանակման միջոց»,- նշեց նախարարը՝ հիշեցնելով, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը միավորում է Աֆրիկայի, Ասիայի, Լատինական Ամերիկայի, Կարիբյան ավազանի, Հյուսիսային Ամերիկայի եւ Եվրոպայի երկրներին, իսկ համագործակցությունն օգտագործվում է ընդհանուր արժեքների առաջմղման համար՝ տոլերանտության, հումանիզմի, մարդու իրավունքների, ժողովրդավարության: Սրա վրա էլ կառուցվում են առաջիկա գագաթնաժողովի առաջնահերթությունները: «Մենք մտադիր ենք մինչեւ 2020 թվականը մեր նախագահության ընթացքում հասնել հնարավորինս ավելի գործնական արդյունքների»,- հայտարարեց նախարարը:

«Վստահ եմ, որ Հայաստանի համար գագաթնաժողովը կդառնա խոշոր եւ ուրախալի միջոցառում: Մենք նաեւ կաշխատենք առավելագույն չափով ներկայացնել Հայաստանի մշակույթը»,- նշեց Մնացականյանը: Նրա խոսքով՝ «Ապրել միասին» երեւանյան հռչակագրի շուրջ բանակցություններն ավարտին մոտ են, որը կառնչվի թվարկված արժեքներին:

Գագաթնաժողովի շրջանակում տեղի կունենա նաեւ տնտեսական համաժողով, որը կանցկացվի Թումո կենտրոնում: Մտադրություն կա ստեղծել ՏՏ նախարարների ցանց: Դրանից բացի,  հոկտեմբերի 7-12-ը Ազատության հրապարակում կգործի Ֆրոնակոֆոնիայի գյուղը, ծրագրված է համերգ, որի ընթացքում կներկայացվի ինչպես Հայաստանի մշակույթը, այնպես էլ ելույթ կունենան Ֆրանկոֆոնիայի աստղեր: «Սա Հայաստանի համար մեծ պատիվ է եւ պատասխանատվություն»,- շեշտեց Զոհրաբ Մնացականյանը: