Շատ մեծ էր գայթակղությունը քարոզարշավը տեղափոխել քաղաքական դաշտ, հեղափոխական կոչեր հնչեցնել, բայց մենք դրանով չենք հարգի երեւանցուն։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12-ին Քանաքեռ-Զեյթունում ԲՀԿ նախընտրական քարոզարշավի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ ավագանու ընտրացուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանը (ֆոտոռեպորտաժ

«Ավելի հեղափոխական չլինեն ինձանից, բայց մենք հավատարիմ ենք ուզում մնալ երեւանցուն տված մեր խոսքին, որովհետեւ այդ վատ վերելակներից օգտվում են ե՛ւ հեղափոխականները, ե՛ւ, իրենց ասած, հակահեղափոխականները, որոնց փնտրտուք է սկսված»,- ընդգծեց ԲՀԿ քաղաքապետի թեկնածուն։

Նա նաեւ նշեց, որ նրանք նույն օդն են շնչում, իսկ Երեւանում փոշու կոնցենտրացիան 9 անգամ ավելին է թույլատրելի նվազագույն սահմանից. «Երեւանում այսօր էկոլոգիական աղետ է»։

Հրազդան գետի ջրից Նաիրա Զոհրաբյանը տարել է լաբորատոր փորձաքննության եւ հայտնաբերել քաղցկեղածին մետաղներ։

«Հիմա կոչ եմ անում բոլոր քաղաքական ուժերին. ես հասկանում եմ, որ հեղափոխական էյֆորիայի վրա քաղաքական դիվիդենտներ հավաքելը շատ մեծ գայթակղություն է, բայց եկեք հարգենք երեւանցուն, եկեք հավատարիմ մնանք Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ոգուն եւ բովանդակությանը, հարգենք մեր ընտրողներին եւ երեւանցուն ներկայացնենք յուրաքանչյուրս մեր ծրագիրը, թե ինչպիսի լուծումներ ենք մենք առաջարկում Երեւանի խնդիրներին»,-ընդգծեց թեկնածուն։

Իրենք առաջարկում են լուծման ուղիներ եւ տալիս ներդրումային փաթեթներ. ԲՀԿ քաղաքապետի թեկնածուն վստահեցրեց, որ կոնկրետ ներդրողներ կան, որոնց հետ արդեն բանակցություններն ավարտված են: Նրանք պատրաստ են բերել լուրջ ներդրումներ եւ, Զոհրաբյանի խոսքով, Երեւանը դարձնել բոլոր խավերի համար ապահով, ապրելու համար կայուն, զարգացող քաղաք։