Շատ են ասում, թե ահա Հայաստանում նոր բռնակալ եւ նոր բռնապետ է ծնվում. նկատի ունեն ինձ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի նախընտրական քարոզարշավի շրջանակում Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կազմակերպված հանրահավաքում։

Մեկնաբանելով, մասնավորապես, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունը՝ Հայաստանում, իբր, սկիզբ առնող բռնապետական ռեժիմի մասին՝ վարչապետն ասաց. «Ես գիտեմ, որ ՀՀ-ում այլեւս երբեք չի կարող լինել բռնակալ կամ բռնապետ, ոչ թե այն պատճառով, որ ես կամ մեր թիմի որեւէ անդամ էդքան լավն ենք, այլ որովհետեւ Հայաստանում ապրում են մարդիկ եւ քաղաքացիներ, ովքեր ասֆալտներին կպառկեցնեն ցանկացած բռնակալի, ում մտքով կանցնի, որ ինքն ավելի կարեւոր է եւ հզոր, քան ՀՀ քաղաքացին»։

Վարչապետ Փաշինյանը նաեւ պարզաբանեց, թե ինչու Հայաստանի քաղաքացու դեմ, իր խոսքով, խաղ չկա. «Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինել բռնակալ, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունում իշխում է բռնակալներին տափերով տվող քաղաքացի, եւ էդ քաղաքացու դեմ խաղ չկա, էդ քաղաքացու դեմ խաղ չունի Հայկ Մարությանը, էդ քաղաքացու դեմ խաղ չունի ոչ ոք»։ 

Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 12-ին Բաքվում հանդիպելով ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պնդել է, թե իր դիտարկմամբ՝ Հայաստանում ծնվում է նոր բռնապետ. Ղարաբաղի ներկայացուցիչների հետ բանակցություններ վարելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն անընդունելի են Ադրբեջանի համար: Նա պնդել է, որ, ընդհանուր առմամբ, ադրբեջանական կողմի մոտ տպավորություն է, ասես Փաշինյանն ամեն կերպ փորձում է ձախողել բանակցային գործընթացը: Այդ դեպքում, ըստ հայտարարության, ամբողջ պատասխանատվությունն ընկնում է հայկական կողմի եւ անձամբ Փաշինյանի վրա։