Նախագահ Օբաման օգտվեց Կոնգրեսի աշխատանքների դադարից եւ Մեթյու Բրայզային նշանակեց Ադրբեջանում ԱՄՆ դեսպան, թեպետ մի շարք կոնգրեսականներ անհանգստություն էին հայտնում նրա հնարավոր նշանակման կապակցությամբ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, դաշնակցական պատգամավոր Հրայր Կարապետյանը: Նրա կարծիքով, որոշ կոնգրեսականներ բարձրացնում են այդ հարցը` անհանգստություն ունենալով, որ Բրայզան եղել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահը, եւ կարող է դիմել վարչական ռեսուրսի կիրառմանը:

«Որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ մինչեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ նշանակվելը Բրայզան հետեւողականությամբ չէր փայլում: Նա հայտնի է հակասական հայտարարություններով, հետագա հերքումներով, էքսցենտրիկ վարքով, ուստի հայկական լոբբին անթույլատրելի է համարում նրա նշանակումը»,- ասել է պատգամավորը եւ հավելել որ չի կարելի ուշադրությունից բաց թողնել Բրայզայի ամուսնական դրությունը. Նա ամուսնացել է թրքուհու հետ:

Ամփոփելով` Կարապետյանը նկատել է, որ այդուհանդերձ հարցը դեռ վերջնականապես փակ չէ: «Բարաք Օբամայի որոշումը արդար չէ»,- ասել է խորհրդարանական հանձնաժողովի նախագահը: