Արմավիրի, Լոռու, Արագածոտնի մարզերի մի քանի համայնքներում արտահերթ ընտրություններ են կայանալու: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին կառավարությունն իր նիստում համապատասխան որոշումներ կայացրեց:

Ընտրությունները տեղի են ունենալու հոկտեմբերի 21-ին:

Մասնավորապես, արտահերթ ընտրություններ տեղի կունենան Լոռու մարզի Ձորագյուղ եւ Սարահարթ, Արմավիրի մարզի Խանջյան եւ Հայթաղ, Արագածոտնի մարզի Մեծաձոր համայնքներում:

Նշենք, որ Արմավիրի մարզի Հայթաղ համայնքի ղեկավար Սամվել Վարդանյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել է 2016 թվականի սեպտեմբերի 18-ին, սակայն այս տարվա օգոստոսի 10-ին առողջական վիճակի վատթարացման եւ բուժման անհրաժեշտության հիմնավորմամբ հրաժարականի դիմում է ներկայացրել:

Նույն մարզի Խանջյան համայնքի  ղեկավար Սամվել Ավագյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել է 2016 թվականի սեպտեմբերի 18-ին, սակայն այս տարվա օգոստոսի 9-ին մահացել է:

Լոռու մարզի Ձորագյուղ համայնքի  ղեկավար Սուրեն Հարությունյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել է 2016 թվականի հոկտեմբերի 2-ին, սակայն այս տարվա օգոստոսի 16-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:

Լոռու մարզի Սարահարթ համայնքի ղեկավար Վասիլ Փիլոյանը համայնքի ղեկավար է ընտրվել 2016 թվականի հոկտեմբերի 2-ին, սակայն այս տարվա օգոստոսի 20-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:

Արագածոտնի մարզի Մեծաձոր համայնքի ավագանու թվով 3 անդամները ընտրվել են 2018 թվականի հունիսի 24-ին: Ավագանու անդամ Ռուզաննա Խուդոյանը առողջական վիճակի վատթարացմամբ հիմնավորված այս տարվա հուլիսի 26-ին հրաժարական է ներկայացրել: Այդ հանգամանքով պայմանավորված՝ անհնարին է դարձել Մեծաձոր համայնքի ավագանու նիստերի հետագա անցկացումը, քանի որ ավագանու անդամների թվաքանակը նվազել է օրենքով սահմանված թվաքանակի կեսից ավելիի չափով՝ ավագանու 5 անդամից մնացել է երկուսը: Ս.թ. հուլիսի 30-ին ավագանու մնացած անդամները կազմել են Մեծաձոր համայնքի ավագանու լիազորությունների վաղաժամկետ դադարեցման վերաբերյալ արձանագրություն: