Չեչեն գրոհայինների առաջնորդ Դոկու Ումարովը ծայրահեղական կայքերից մեկի միջոցով տեսաուղերձ է հրապարակել, որում ստանձնել է «Դոմոդեդովոյի» ահաբեկչության կազմակերպման պատասխանատվությունը:  Ումարովի ուղերձից դատելով կարելի է եզրակացնել, որ այն արված է դեռ հունվարի 24-ին` պայթյունի օրը, սակայն հրապարակվել է երկու շաբաթ անց:

Ահաբեկիչն ընդգծել է, որ հենց ինքն է հրամայել հարձակում իրականացնել Մոսկվայում, իսկ նման գործողությունները շարունակվելու են ապագայում: Նրա խոսքով, «հատուկ գործողությունը» պատասխան էր ոչ միայն Կովկասում, այլեւ ողջ իսլամական աշխարհում մահմեդականների նկատմամբ ճնշումների: Նա ասել է նաեւ, որ ահաբեկչությունն ուղղված էր վարչապետ Վլադիմիր Պուտինի «շովինիստական ռեժիմի դեմ»:

«Ես ուզում եմ, որ Ռուսաստանը խելքի գա եւ լքի Կովկասը»,- ասել է Ումարովը:

Ինչպես արդեն նշել է NEWS.am-ը, Ումարովն ավելի վաղ խոստացել էր «արյան եւ արցունքի տարի» կազմակերպել Ռուսաստանի համար:

«Դոմոդեդովոյի» ահաբեկչությունը տեղի է ունեցել հունվարի 24-ին: Մահապարտ-ահաբեկիչը պայթեցրել էր իրեն, մահացել էին 36 մարդ, վիրավորվել մոտ 120-ը: