Երեւանը վերածել են աղբաքաղաքի, որովհետեւ «Սանիթեքը» հրաժարվում է կատարել իր պայմանագրային պարտավորությունները, որովհետեւ քաղաքային իշխանությունների հետ ունի հանցավոր պայմանավորվածություն: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 17-ին, Նոր Նորքում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց Երեւանի քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածու Նաիրա Զոհրաբյանը:
Նրա խոսքով, «Սանիթեքն» ու քաղաքային իշխանությունները աշխատել են ատկատներով. «Այն գերավճարները, որ պետք է գնային նոր բեռնատարներ գնելուն, գնացել են քաղաքային տարբեր պաշտոնյաների գրպանները»:
Զոհրաբյանը տեղեկացրեց, որ ԲՀԿ-ն ունի աղբավերամշակման գործարան կառուցելու ծրագիր, որի համար ունի նաեւ ռեսուրսներ ու ներդրումների աղբյուրներ:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն էլ հայտարարեց, որ ցավոք, այսօր մեխանիզմ չկա «Սանիթեքի» վրա ազդելու: Նրա խոսքով, աղբավերաշակման գործարանը թույլ կտա ոչ միայն լուծել աղբահավաքման խնդիրը, այլեւ դա դարձնել եկամտի աղբյուր:




























