Հայաստանի Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերում մի քանի տասնյակ մեքենա մնացել է ձնաբքի տակ:
Հայաստանի փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ փետրվարի 7-ին, ժամը 8.44-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գանձակ-Սարուխան ավտոճանապարհին ձնաբքի հետեւանքով մի քանի ավտոմեքենա չեն կարողանում շարունակել ընթացքը: Դեպքի վայր մեկնած մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը, ծնար տեխնիկայի օգնությամբ ձնաբքից դուրս են բերվել թվով 6 ավտոմեքենա ( 6 վարորդ եւ 3 ուղեւոր՝ 1 կին եւ 2 երեխա):
Ժամը 9:53-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 6-րդ կմ-ում ձնաբքի հետեւանքով ձյան մեջ թաղվել է Գ.Ավետիսյանի վարած «ՊԱԶ» մակնիշի 1048 Լ պետհամարանիշով Մարտունի-Զոլաքար երթուղիի ավտոբուսը:
Նույն օրը, ժամը 16.56-ին տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Արա-Բուժական համայնքային ավտոճանապարհին ձնաբքի մեջ են մնացել մոտ 50 ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել Կոտայքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Ժամը 19.45-ի դրությամբ Բուժականի գյուղապետի ու տեղի բնակիչների համատեղ ուժերով բոլոր ավտոմեքենաները դուրս են բերվել ձնաբքի հատվածից (ավտոմեքենաներում գտնվել են մոտ 200 մարդ): Ճանապարհի մաքրման աշխատանքներին ներգրավվել է նաեւ Նաիրիի «Ճանշին» ՓԲԸ-ից 1 միավոր տեխնիկա (Արա գյուղի կողմից): Ժամը 20.05-ի դրությամբ երթեւեկությունը վերականգնվել է, սակայն իրականացվում են երթեւեկելի մասի լայնացման աշխատանքներ:





























