Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքում, նաեւ Տավուշի մարզի Գետահովիտ, Գանձաքար, Խաշառակ եւ Աչաջուր գյուղերում 2010թ. հոկտեմբերի 21-30-ին Հայաստանի ազգային վճակագրական վարչությունը բնակչության փորձնական մարդահամար է իրականացրել` ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Ազգային վիճվարչության բնակչության մարդահամարի եւ ժողովրդագրության բանի պետ Կարինե Կույումջյանը:

Հարցման բլանկում ընդգրկված են եղել 33 հիմնական հարցեր եւ ենթահարցեր, որոնք առնչվել են ոչ միայն քաղաքացու ներկայությանը, այլեւ սեփականության, հեռահաղորդակցության սարքերի, համակարգիչների եւ ինտերնետի առկայությանը, լեզուների իմացությանը, դավանանքի եւ այլ գործոններին:

«Աշխատանքի ընթացքում պարզվել է, որ բնակչությունը պատրաստ չէ պատասխանել հարցերին, քանի որ անգամ իրենք հավաստի տեղեկություններ չեն ունեցել իրենց սեփականության եւ հողատարածքների մասին: Դեպքեր են եղել, երբ մարդը հրաժարվել է իր տարածքից, սակայն պաշտոնապես այն դեռ պատկանում է իրեն: Բացի այդ, հասցեների եւ մարդկանց գրանցումների անհամապատասխանություն է նկատվել»,- ասել է Կույումջյանը:

Ընդհանուր առմամբ, փորձնական մարդահամարն իրականացրել էր 174 ժամանակավոր հաշվարարներ:

NEWS.am-ի հարցին, թե որքանո՞վ է ավելացել կամ պակասել բնակչության թիվը այն տարածքներում, որտեղ փորձնական մարդահամար է իրականացվել, Կոյումջյանը նշել է, որ բնակչության թիվն աճել է, սակայն դժվարացել է հստակ թիվ նշել:

Նշենք, որ համապետական մարդահամարը Հայաստանում կայանալու է 2011թ. հոկտեմբերի 12-21-ին, եւ դրա անցկացման համար օգտագործվելու է 2,5 մլրդ դրամ: