ԼՂՀ իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, փետրվարի 8-ին ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում` Ասկերանի ուղղությամբ:
ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գրասենյակի համակարգող, փոխգնդապետ Իմրե Պալատինուսը (Հունգարիա) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Ժասլան Նուրտազինը (Ղազախստան):
Հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են դաշտային օգնականներ Քրիստո Քրիստովը (Բուլղարիա) եւ Վիլյամ Պրայորը (Մեծ Բրիտանիա):
ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դիտարկման ժամանակ կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Սակայն ադրբեջանական կողմը, ի տարբերություն ղարաբաղյան կողմի, հերթական անգամ ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջնային գծի` նախօրոք փոխհամաձայնեցված կետ, ինչի արդյունքում դիտարկման խմբերը ստիպված են եղել դիտարկումն իրականացնել ավելի հեռավոր տարածությունից:
Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության եւ ԼՂՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:




























