Դաշնակությունը չի հանդիպում եւ քննարկումներ չի ծավալում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ փետրվարի 8-ին հայտարարեց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: «Դաշնակցությունն  ապրում է իր կյանքով, Ռոբերտ Քոչարյանն՝ իր»,-կարճ արձագանքեց Ռուստամյանը: Նա նաեւ անդրադարձավ իշխող մեծամասություն կազմող ՀՀԿ-ին, նշելով, թե այդ կուսակցությունը սերտաճել է իշխանությանը:

«Տեղի է ունեցել կուսակցություն-իշխանություն-պետություն սերտաճում»,-հայտարարեց Ռուստամյանը: Հարցին, թե արդյոք այդ հարցում պատասխանատու չէ՞ նաեւ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցում խոստովանել է, որ շատ չինովնիկների ինքն է հորդորել մտնել ՀՀԿ, Ռուստամյանը խուսափեց որոշակի պատասխան տալուց:  Միայն նշեց, թե սխալ է համարում, երբ այս կամ այն չինովնիկը կուսակցություն է մտնում որեւէ մեկի հորդորով կամ թելադրանքով: «Մարդը պետք է կուսակցություն մտնի իր կամքով, հանուն գաղափարի»,-նշեց դաշնակցական գործիչը:

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի կոալիցիայից դուրս գալու հավանականությանը, ապա, Ռուստամյանը չցանկացած մեկնաբանել նման հեռանկարը: «Դա իրենց խնդիրն է: Կլինի` կտեսնենք: Ես չեմ մեկնաբանում դա: Ես Հայաստանում ոչ մի բան չեմ բացառում: Իսկ ՀՅԴ-ն միշտ ունեցել է իր ուղեգիծը` մասնավորապես ազգային հարցերում»,-հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը: