Պատգամավորները պետք է զրկվեն անձեռնմխելության իրավունքից, որպեսզի չգնան ԱԺ` պատսպարվելու համար: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանը` հավելելով, թե ՀՅԴ-ն կողմ է նախագահական համակարգը խորհրդարանականով փոխարինելուն:

Անդրադառնալով երկպալատանի խորհրդարանի ներդրման հավանականությանը, որում պետք է ներգրավվեն նաեւ սփյուռքահայերը, Ռուստամյանն  ասաց, թե այդ գաղափարը ողջունելի է: «Սփյուռքն այսօր ինքնակազմակերպվելու եւ հայաստանյան հարցերում ընդգրկվելու խնդիր ունի: Սփյուռքը միայն չպետք է զբաղվի Ցեղասպանության, Արցախի հարցերով, այլ նաեւ Հայաստանում տեղի ունեցող համահայկական բնույթի խնդիրների  հետ կապված իր ասելիքն ունենա եւ լսելի դառնա»,-հայտարարեց Ռուստամյանը:

Դիտարկմանը, թե երկպալատանի խորհրդարան ստեղծելու գաղափարը իշխանությունների կողմից նվեր է Դաշնակցությանը, քանի որ ՀՅԴ-ն մեծ ներուժ ունի Սփյուռքում, ՀՅԴ-ական գործիչը նկատեց. «Կներեք, բայց այդ գաղափարը նախ մերն է, մեր գաղափարը մեզ պետք չի նվիրել: Եւ հետո`դեռ հեռու ենք այն իրագործելուց, այնպես որ նվերների մասին դեռ շատ վաղ է խոսելը, այս քննարկումը դեռ շատ ջուր կվերցնի»: