Հայաստանի Հանրապետական կուսակցության պոտենցիալը ձեւավորվել է դեռ խորհրդային տարիներին, իսկ ղարաբաղյան պատերազմի ժամանակ ավելի է ամրացել: Այդ մասին լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` մեկնաբանելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը, թե ՀՀԿ-ն ամրացել է իր կառավարման օրոք:
Սահակյանի խոսքով, ՀՀԿ-ն այս ողջ ընթացքում պատասխանատու քաղաքական որոշումներ է կայացրել եւ այդ ճանապարհին ոչ մի անգամ չի սայթաքել:
«ՀՀԿ-ն եղել է այն քաղաքական ուժը, որի հետ համագործակցության արդյունքում էլ հնարավոր է եղել երկրորդ նախագահի ծրագրերի իրականացումը»,- նկատել է Սահակյանը` ընդգծելով, թե Ռոբերտ Քոչարյանն, իհարկե, իր ավանդն է ներդրել իր կառավարման օրոք արձանագրված դրական արդյունքներում: Սահակյանը նշել է, որ Սերժ Սարգսյանը նախագահի պաշտոնում ապացուցել է, որ համընդհանուր առաջնորդ է: «Հենց այդ պատճառով էլ Սերժ Սարգսյան քաղաքական գործչի վարկանիշն ավելի բարձր է, քան նրա գլխավորած Հանրապետական կուսակցության»,- ասել է Սահակյանը:
Խոսելով 2013թ. նախագահական ընտրություններին Ռոբերտ Քոչարյանի մասնակցության հնարավորության մասին` Գալուստ Սահակյանն ասել է, թե դա Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու իրավունքն է: Հարցին, արդյոք Քոչարյանը ազդեցություն ունի՞ քաղաքական դաշտի վրա, նա պատասխանել է. «Իսկ ինչո՞ւ չպետք է ունենա, հանրությանը հայտնի յուրաքանչյուր քաղաքական գործիչ որոշակի ազդեցություն ունի գործընթացների վրա, առավել եւս Ռոբերտ Քոչարյանը»:




























