Այսօր ՀՅԴ-ն գոյություն ունի Հայաստանի քաղաքական դաշտում, իսկ Ռոբերտ Քոչարյանը` ոչ, եւ սխալ է մի ողջ քաղաքական ուժ կապել մարդու անձի հետ, ով նստած է իր տանը, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը:
Ընդ որում, նա ընդգծել է, թե չի կարելի Ռոբերտ Քոչարյանի յուրաքանչյուր հարցազրույց մեկնաբանել որպես մեծ քաղաքականություն վերադարձ: Դիտարկմանը, թե իր վերջին հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը թափանցիկ «մեսիջներ» է արել գործող նախագահ Սերժ Սարգսյանին, Շահբազյանը պատասխանել է. «Այժմ երկրորդ նախագահն իր հայտարարություններով փորձում է վերականգնել այն մարդկանց հիշողությունը, ում մոտ այն կաղում է: Նա փորձում է հիշեցնել թե ով ով է եղել իր կառավարման օրոք»:
Շահբազյանը նշել է, թե 1999թ. իշխանության եկած Ռոբերտ Քոչարյանը տարբերվում էր 2003-ին երկրորդ ժամկետով ընտրված Քոչարյանից: «Իսկ այսօր գոյություն ունի բոլորովին այլ Քոչարյան: Ինչու կուսակցությունը, որն ընթանում է իր ուղով, պետք է հաշվի նստի կամ ծրագրեր մշակի իր տանը նստած մարդու հետ»,- նկատել է պատգամավորը:




























