Թող ՀՀԿ-ն եւ Քոչարյանը զբաղվեն իրարով, եւ որքան ակտիվ ու հաճախակի, այնքան ավելի լավ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայ ազգային կոնգրեսի անդամ, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանն` անդրադառնալով նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հայտարարությանը, թե ՀՀԿ-ի խորհրդարանական նախընտրական ցուցակն անուն առ անուն համաձայնեցվել է իր հետ, իսկ ՀՀԿ-ի որոշ ներկայացուցիչներ ի պատասխան ԱԺ-ում հռետորական հարց էին հնչեցրել. «Իսկ ի՞նչ կլիներ, եթե ՀՀԿ-ն նախագահական ընտրություններում չսատարեր Ռոբերտ Քոչարյանին»:
«Մեկը մյուսին արժանի են, թող իրարով զբաղվեն: Ժողովրդական ֆոլկլյորից մի մեջբերում անեմ` Սանասար, Բաղդասար, գետինը մտեն հավասար: Չարժե նրանց վրա ուշադրություն դարձնել, քանի որ երկիրն է ձեռքից գնում»,-նշեց Մանուկյանը: Հարցին, թե Քոչարյանի հայտարաությունները չե՞ն հուշում, որ նա մտադիր է վերաձեւել քաղաքական դաշտն ու վերադառնալ քաղաքականություն, ՀՀՇ վարչության նախագահը կարճ արձագանքեց. «Մեր օրակարգում նման հարց չի քննարկվում: Հետեւապես` մեզ չի հուզում նրա վերադառնալու կամ չվերադառնալու հարցը»:





























