Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պահանջել է քրեական հետաքննություն անցկացնել իսրայելցի զինծառայողների նկատմամբ, որոնք անանուն կերպով մասնակցել են NAZA-ի վավերագրական ֆիլմում և պատմել Գազայի հատվածում խաղաղ բնակիչների սպանությունների մասին՝ արհեստական բանականության վրա հիմնված թիրախավորման համակարգերի կիրառմամբ, հայտնում է The Times of Israel-ը։
Վարչապետի գրասենյակի հրապարակած նամակում Նեթանյահուն դիմել է Իսրայելի պաշտպանության բանակի Գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրին, Ընդհանուր անվտանգության ծառայության (ՇԱԲԱԿ) ղեկավար Դավիդ Զինիին և գլխավոր դատախազ Գալի Բահարավ-Միարային։ Նա պահանջել է պարզել ֆիլմի մասնակիցների ինքնությունը և ստուգել օրենքի հնարավոր խախտումները։
Ըստ Նեթանյահուի, խոսքը կարող է վերաբերել գաղտնի տեղեկատվության բացահայտմանը, տեղեկատվական անվտանգության լուրջ խախտումներին, զրպարտությանը և Իսրայելի դիվանագիտական շահերին ու անվտանգությանը վնաս հասցնելուն։ Վարչապետը նաև հայտարարել է հատկապես զգայուն հետախուզական ստորաբաժանումից տվյալների հնարավոր արտահոսքի մասին։
Ֆիլմը հիմնված է 24 իսրայելցի զինծառայողների վկայությունների վրա, որոնց անունները չեն բացահայտվում։ Նրանք պնդում են, որ իսրայելական բանակը սպանել է Գազայի բազմաթիվ խաղաղ բնակիչների՝ կիրառելով արհեստական բանականությամբ աշխատող թիրախների ընտրության համակարգեր։
Իսրայելի պաշտպանության բանակը կտրականապես մերժել է մեղադրանքները։ Ռազմական գերատեսչությունում հայտարարել են, որ ֆիլմը խեղաթյուրում է թիրախների ընտրության և խոցման գործընթացը, պարունակում է էական փաստական սխալներ և մոլորեցնում է դիտողներին։
Բանակում նաև կասկածի տակ են դրել ֆիլմի մասնակիցների վկայությունների արժանահավատությունը։ Ռազմական գերատեսչության պնդմամբ, հարցված զինծառայողները, որոնք աշխատել են հետախուզությունում, նկարագրում են հիմնականում հետախուզական տեղեկությունների հավաքագրման և մշակման սկզբնական փուլերը՝ չարտացոլելով հարվածների պլանավորման և հաստատման ավելի լայն գործընթացը։ Ուստի ֆիլմում ներկայացված վկայությունները, բանակի կարծիքով, միայն մասնակի պատկերացում են տալիս հարվածներ հասցնելու ընթացակարգերի մասին։





























