Այս տարվա հունվարին «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսան աչքի չի ընկնում արժեթղթերի առեւտրի մեծ ծավալներով։
Բորսայում շրջանառվում են 3 տիպի արժեթղթեր՝ բաժնետոմսեր, պետական պարտատոմսեր եւ կորպորատիվ պարտատոմսեր։
Հունվարին բորսայում իրականացվել է 3,2 մլն դրամի (մոտ 8,8 հազ, դոլար) բաժնետոմսերի առուվաճառք՝ «Արցախհէկ»-ի եւ «Արարատբանկի» արժեթղթերով։ Սա կարելի է նաեւ առաջընթաց համարել, քանի որ 2010 թ. հունվարին ընդհանրապես առեւտուր չէր եղել:
Կորպորատիվ պարտատոմսերի առեւտրի ծավալները կազմել են 15,3 մլն դրամ (մոտ 42 հազ. դոլար)՝ նախորդ տարվա 320 մլն դրամի (877 հազ. դոլար) համեմատ։ Առեւտրի 9-անգամյա անկումը բավական մտահոգիչ երեւույթ է։ Նշենք, որ առեւտուր իրականացվել է բացառապես «Շեն կոնցեռնի» պարտատոմսերով, այնինչ անցյալ տարի գործարքներում ներգրավվել էր 6 տարբեր պարտատոմս։
Համեմատաբար մեծ են պետական պարտատոմսերով առեւտրի ծավալները, սակայն այստեղ էլ առկա է անկում։ 2011 թ. հունվարին իրականցվել է 111,6 մլն դրամի (մոտ 307 հազ. դոլար) առեւտուր՝ նախորդ տարվա 407,7 մլն դրամի (մոտ 1,1 մլն դոլար) համեմատ։
Դատելով ֆոնդային բորսայում տեղի ունեցող առեւտրի ծավալներից՝ կարելի է եզրակացնել, որ այնտեղ ճգնաժամային միտումները պահպանվում են։ Պատկերավոր ասած՝ բորսան դեռ քնած է, թեեւ մի փոքր բացել է աչքերը:



























